Սեպտեմբերի 8-ին տեղի ունեցած մանկական ուղեղային կաթվածով տառապող երեխաներին նվիրված բարեգործական համերգի ժամանակ մոտ 2500 ԱՄՆ դոլար է հավաքվել, իսկ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը խոստացել է հոգալ 150 փոքրիկների մեկ տարվա բուժման ծախսերը: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է «Հայ Մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Նարինե Մանուկյանը:
Նրա խոսքով՝ համերգի ժամանակ մոտ 1500 ԱՄՆ դոլարի չափով հանգանակություն է եղել, եւ եւս 1000 ԱՄՆ դոլար փոխանցել է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի դուստր Սաթիկ Սարգսյանը: Բայց սա դեռ ամենը չէ, քանի որ շատերը ցանկություն են հայտնել ոչ թե կանխիկ գումար նվիրաբերել, այլ բանկային փոխանցում անել, անպես որ մոտակա օրերի ընթացքում մանկական ուղեղային կաթվածով տառապող երեխաների բուժման համար հավաքվող գումարը կարող է եւ կրկնապատկվել կամ եռապատկվել: Նարինե Մանուկյանը խոստացել է բոլոր բարեգործների հանգանակությունների մասին տեղեկացնել իր եւ ՀԿ-ի ֆեյսբուքյան էջում:
Համերգի հասույթը, Նարինե Մանուկյանի խոսքով, ուղղվելու է փոքրիկների վերականգնողական բուժմանը: Հիշեցնենք, որ մանկական ուղեղային կաթվածով տառապող երեխաներին հաճախ ցուցված է լինում վերականգնողական բուժում՝ մասնավորապես, արթ-թերապիա, իպպոթերապիա եւ հիդրոթերապիա: 150 երեխաների համար բուժման հենց այս մեթոդների իրականացմանն է աջակցելու երկրի առաջին տիկինը:






