Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ սեպտեմբերի 10-ը նշվում է որպես ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օր:
ԱՀԿ-ի տվյալներով՝ աշխարհում ամեն տարի կատարվում է ավելի քան 800 000 ինքնասպանություն, եւ եթե այսպես շարունակվի, շուտով այս թիվը կհասնի մեկ միլիոնի: Կա կարծիք, որ ինքնասպանություններից ամեն տարի մահանում է այնքան մարդ, որքան պատերազմներից եւ սպանություններից:
Որքան էլ դա զարմանալի է, ինքնասպանություններն առավել տարածված են զարգացած երկրներում. Այս պահին առաջին երեք հորիզոնականներն են զբաղեցնում Լիտվան, Հարավային Կորեան եւ Ճապոնիան: Շատ ավելի հազվադեպ են ինքնասպանություններ լինում Լատինական Ամերիկայում եւ մուսուլմանական երկրներում: Ի դեպ, հետաքրքիր է, որ, ըստ վիճակագրական տվյալների, տղամարդիկ ավելի հաճախ են այս քայլին դիմում, քան կանայք:
Քանի որ ինքնասպանություններն այսօր ամբողջ աշխարհում շատ լուրջ առողջապահական խնդիր են, ԱՀԿ-ն կոչ է անում ամենուրեք ինքնասպանությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումներ եւ ակցիաներ անցկացնել՝ բարձրացնելով մարդկանց իրազեկվածության մակարդակը եւ շրջապատի մարդկանց կյանքերի հանդեպ պատասխանատվությունը:






