Սեպտեմբերի 16-ից Հայաստանի պատվաստումների պլանային օրացույցը նոր՝ պնեւմակոկային վարակների դեմ վակցինացիայով է համալրվելու: Այս մասին սեպտեմբերի 10-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն, իմունականխարգելման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն է հայտնել։

Նրա հաղորդմամբ, պնեւմակոկային պատվաստումները Առողջապահական համաշխարհային կազմակերպության կողմից առաջարկված սխեմայով  են իրականացվելու։ Հաշվի առնելով Հայաստանի առանձնահատկությունները եւ հիվանդացության ցուցանիշները, նպատակահարմար է  գտնվել, որ երեխան պատվաստանյութի բոլոր երեք դեղաչափերը մինչեւ 6 ամսականի լրանալը՝ կյանքի 6-րդ, 12-րդ եւ 18-րդ շաբաթվա ընթացքում՝ համապատասխանաբար հնգավալենտ, ռոտավիրուսի եւ պոլիոմիելիտի դեմ պատվաստումների հետ միաժամանակ ստանա։ 

Անդրադառնալով մի քանի պատվաստանյութ միաժամանակ ստանալու հանգամանքով պայմանավորված հավականական մտահոգություններին, Գ.Սահակյանը հավաստիացրել է, որ «երեխայի օրգանիզմը կարող է միանգամից 150 անտիգենի արձագանքել, եւ այս պարագայում երեխայի իմունային համակարգի ընդամենը 0.1 տոկոսն է օգտագործվում»։

«Նույնիսկ երբ միաժամանակ ենք բոլոր պատվաստումներն իրականացնում, երեխայի մոտ նույնական հետվակցինացիոն ռեակցիա է առաջանում. ազդեցություններն իրար հետ չեն գումարվում», – նշել է նա՝ հավելելով, որ ակնկալվող էֆեկտներից են ջերմության բարձրացումը եւ տեղային ռեակցիան՝ ներարկման հատվածում։ Լուրջ կողմնակի ազդեցություն պատվաստանյութը չունի, հավաստիացրել է ԱՆ մասնագետը։

Գ.Սահակյանը նաեւ պարզաբանել է, որ սեպտեմբերի 16-ից Հայաստանում միայն համապատասխան տարիքի երեխաներն են պատվաստվելու. ավելի բարձր տարիք ունեցողները գործընթացում ընդգրկված չեն լինի: 

Ըստ մասնագետի, պնեւմակոկով հարուցված հիվանդությունների նկատմամբ հենց մինչեւ 6 ամսական երեխաներն են առավել խոցելի։ ԱՆ մասնագետը Նորվեգիայի փորձն է ներկայացրել, որտեղ սկզբում մեծահասակներն են պատվաստվել, այնուհետեւ՝ երեխաները, բայց արդյունքը միայն վերջիններիս պատվաստելուց հետո է շոշափելի դարձել։ Գ. Սահակյանի պարզաբանմամբ, երեւույթի հիմքում կոլեկտիվ իմունիտետի գաղափարն է ընկած. վերահսկվում է հարուցչի շրջանառությունը, որի հիմնական կրողները երեխաներն են, եւ իսկ մեծահասակներն էլ օգտվում են դրանից։

Մեր երկրում, Գայանե Սահակյանի փոխանցմամբ, Բելգիական արտադրության Սինֆլորիքս պատվաստանյութն է կիրառվելու է։

Ի պատասխան NEWS.am Medicine-ի հարցի, թե կոնկրետ պնեւմակոկի որ շճատիպերի դեմ է պատվաստանյութը գործելու, եւ ինչպես են մնացած շճատիպերն իրենց դրսեւորելու, Գ. Սահակյանը նշել է, որ խնդրո առարկա վակցինացիան առավել տարածված եւ վտանգավոր՝ մահվան սպառնալիք ներկայացնող տասը շճատիպի դեմ պայքարի նպատակ է հետապնդում:  «Առաջանում է խաչաձեւ իմունիտետ. այդ պարագայում տվյալ՝ ծանր կլինիկական հետեւանք ունեցող շճատիպը թեթեւի նկատմամբ եւս կարող է իմունիտետ առաջացնել։ Բայց արդյունքը հարյուր տոկոսանոց չէ։ Երեխան կարող է այլ շճատիպերով վարակվեկ, բայց հիվանդությունը թեթեւ կընթանա», – հավաստիացրել է մասնագետը: