Շատերը կարծում են, որ ինքնասպանությունների հիմնական պատճառը սոցիալական կամ հոգեբանական խնդիրներն են, սակայն իրականում կան նաեւ շատ այլ մեխանիզմներ, որոնց մասին շատերս պատկերացում էլ չունեինք։
Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, սուիցիդոլոգ (ինքնասպանագետ) Կամո Վարդանյանը, ով 20 տարի շարունակ ուսումնասիրել է ինքնասպանությունների խնդիրը, պատմել է լրագրողներին այն մասին, որ երբեմն ինքնասպանությունը մարդու գլխուղեղում կատարվող կենսաբանական գործընթացների արդյունք է։
1. Որոշ հորմոններ ինքնասպանության հակում կարող են առաջացնել.
- Սերոտոնին. եթե մարդու օրգանիզմում սերոտոնինի քանակը նվազում է, մարդը դեպրեսիաների հանդեպ ավելի հակված է դառնում։ Իհարկե, դեպրեսիայով տառապող մարդկանցից ոչ բոլորն են ինքնասպանություն գործում։ Կամո Վարդանյանի խոսքով՝ սուիցիդալ հակումներն աճում են այն մարդկանց մոտ, որոնց մոտ սերոտոնինի մակարդակը ցածր է, իսկ ագրեսիվությունը՝ բարձր։
- Դոֆամին. օրգանիզմում դոֆամինի քանակի աճի հետ մեկտեղ մարդու մոտ աուտոագրեսիվ (այսինքն, ինքն իրեն վնաս հասցնելու) հակումներ են առաջանում։
2. Որոշ հարուցիչներ նույնպես կարող են նպաստել ինքնասպանությանը.
- Տոքսոպլազմա գոնդի. սա մի հարուցիչ է, որով ողջ աշխարհում շատերն են վարակված։ Երբ օրգանիզմում առկա է լինում այս հարուցիչը, դոֆամինի քանակն աճում է եւ, ինչպես վերեւում է նկարագրված, մարդու մոտ սուիցիդալ հակումներ են առաջանում։
ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ, Նուբարաշենի հոգեբուժական կենտրոնի տնօրեն Սամվել Թորոսյանը նշել է ինքնասպանությունների եւս մի քանի պատճառ.
- Միջանձնային հարաբերություններն այս հարցում շատ մեծ դեր են խաղում։ Մարդիկ, նույնիսկ այլ մարդկանցով շրջապատված լինելով, հաճախ իրենց միայնակ են զգում, ինչը որոշ դեպքերում կարող է ինքնասպանության դրդել։
- Դեպրեսիաներ. ծանր դեպրեսիաներով տառապող մարդկանց մոտ 15 տոկոսն ինքնասպանություն է գործում։
- Հոգեկան հիվանդություններ. Հոգեբույժի խոսքով՝ շիզոֆրենիայով տառապողների 10 տոկոսը, ցավոք, նույնպես ինքնասպանություն է գործում։
Հետաքրքիր հարց-հավելում
Ինքնասապնության գնացող մարդն ուժե՞ղ է, թե՝ թույլ։ Բոլորը տարբեր պատասխաններ կտան այս հարցին։
«Եթե մարդը հիվանդ լյարդ ունի, նա ուժե՞ղ անձնավորոթուն է, թե՝ թույլ», - ի պատասխան հարցնում է հոգեբան Կամո Վարդանյանը։
Գուցե, ինքնասպանության մասին մտածող մարդը ուղղակի ուշադրության եւ օգնության կարի՞ք ունի։






