Պնեւմակոկային վարակների դեմ ամենաարդյունավետ եւ տնտեսապես շահավետ կանխարգելիչ միջոցը պատվաստումներն են, ինչի մասին է վկայում աշխարհի փորձը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն եւ խորհրդական, իմունականխարգելման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։

Ըստ նրա, ամերիկյան մայրցամաքում եւ եվրոպական երկրներում պնեւմակոկային պատվաստումների ներդրումից հետո գրեթե բոլոր երկրներում մինչեւ 2 տարեկան երեխաների շրջանում պնեւմակոկային հիվանդությունների մակարդակը նվազել է 70%-ով: Նվազում է դիտվել բոլոր տարիքային խմբերում, այդ թվում` պատվաստման ոչ ենթակա ազգաբնակչության շրջանում: Այս օրինաչափությունը պայմանավորված է պնեւմակոկային պատվաստումների ներդրումից հետո տարիների ընթացքում արտաքին միջավայրում հարուցչի պասիվ շրջանառության եւ բնակչության շրջանում կոլեկտիվ անընկալության զարգացման հետ:

Վկայակոչելով ԱՀԿ տվյալները, Գ.Սահակյանը նշել է, որ 2008 թվականին գրանցված 8.8 մլն մահերից մոտ կես միլիոնը բաժին է ընկել պնեւմակոկային հիվանդություններին։ Ընդ որում, փորձագետների համոզմամբ երեխաների կյանքի առաջին տարվա ընթացքում մահվան դեպքերի գերազանց մեծամասնության պատճառը մանրէային թոքաբորբն է, որի պատճառագիտության մեջ հիմնական տեղը զբաղեցնում է  պնեւմակոկային հարուցիչը: Պնեւմակոկային հարուցիչը ոչ միայն թոքաբորբի, այլեւ այլ ծանր ընթացքով մանրէային հիվանդությունների, մասնավորապես՝ մենինգիտի (ուղեղի թաղանթի բորբոքում) եւ բակտերեմիայի առաջացման գլխավոր պատճառներից մեկն է, մասնավորապես՝ վաղ հասակի երեխաների եւ տարեցների մոտ:

ԱՀԿ տվյալներով աշխարհում տարեկան գրանցվում է մոտ 1 մլն պնեւմակոկային մենինգիտի դեպք, որից մոտ 200,000–ն ավարտվում է անբարեհաջող ելքով: Պնեւմակոկային վարակներին բնորոշ է բնակչության ավելի քան 50–70%-ի մոտ առողջ մանրէակրության զարգացումը: Վարակը հիմնականում փոխանցվում է օդա-կաթիլային ճանապարհով: Հիվանդացության պիկը գրանցվում է աշնանն ու ձմռանը, սակայն գրանցվում են միայն եզակի դեպքեր, իսկ բռնկումներ հազվադեպ են լինում:  Հաստատվել է ուղղակի կապը սեզոնային սուր շնչառական վիրուսային եւ պնեւմակոկային վարակներով (մասնավորապես` թոքաբորբերի)  հիվանդացության բարձրացումների միջեւ։ Մասնավորապես` սեզոնային սուր շնչառական վարակները էականորն բարձրացնում են պնեւմակոկային վարակների զարգացման ռիսկը :

Ընդհանուր առմամբ, Հայաստանի Հանրապետությունում, ինչպես եւ ողջ աշխարհում, պնեւմակոկային հարուցիչով առաջացած հիվանդությունների համաճարակաբանական տվյալները խիստ սուղ են՝ պայմանավորված պնեւմակոկերի լաբորատոր ախտորոշման դժվարություններով, ինչպես նաեւ հակամանրէային դեղամիջոցների լայնածավալ կիրառմամբ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը յուրաքանչյուր երկրի համար կանխատեսել է պնեւմակոկային վարակով պայմանավորված մահերի հաշվարկային ցուցանիշը: Հայաստանի Հանրապետության համար հաշվարկային այդ ցուցանիշը մինչեւ 5 տարեկան 100,000 երեխայի հաշվարկով կազմում է 10-ից մինչեւ 100, այսինքն` առկա մոտ 200 000 մինչեւ 5  տարեկան երեխաների շրջանում պնեւմակոկային վարակի պատճառով Հայաստանում կարող է արձանագրվել տարեկան առնվազն 20-200 մահվան դեպք:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ից Հայաստանի պատվաստումների պլանային օրացույցը նոր՝ պնեւմակոկային վարակների դեմ վակցինացիայով է համալրվելու։