Բիլ Գեյթսի եւ Մելինդա Գեյթսի բարեգործական հիմնադրամը Արեւմտյան Աֆրիկայի մի շարք երկրներում մոլեգնող Էբոլա վիրուսի դեմ պայքարի համար 50 մլն ԱՄՆ դոլար կհատկացնի:
«Վերջին 7-10 օրերին մեզ համար պարզ դարձավ, որ համաճարակի տարածման արագությունն ու մասշտաբները շեշտակի աճ են գրանցում», - Associated Press գործակալության վկայակոչմամբ, հայտարարել է հիմնադրամի զարգացման բաժնի նախագահ Քրիս Էլիասը:
Հիմնադրամի ներկայացուցչի խոսքով, հատկացվելիք միջոցները ՄԱԿ-ին, Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ), հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնին եւ վիրուսի դեմ պայքարին ներգրավված մի շարք այլ միջազգային կազմակերպությունների են ուղղվելու:
Հարկ է նշել, որ խոստացված հանգանակությունը ամենախոշորն է լինելու՝ հիմնադրամի պատմության ողջ ընթացքում: Տրամադրվելիք միջոցները գլխավորապես դեղամիջոցների մշակմանը կուղղվեն:
Ավելի վաղ հիմնադրամը 10 մլն դոլար էր հատկացրել՝ մահացու վտանգավոր հիվանդության դեմ պայքարի շրջանակում նախաձեռնված արտակարգ միջոցառումների, բուժօգնության եւ հետազոտական գործունեության իրականացման համար:
Հիշեցնենք, որ ԱՀԿ-ի կողմից տրամադրված վերջին տվյալների համաձայն, հեմոռագիկ տենդի զոհերի թիվը 2296-ի է հասել, վարակվածներինը՝ 4293:






