Սոցցանցերում առկա՝ հավելյալ քաշի դեմ պայքարի համար նախատեսված ծրագրերը, ճարպակալման դեմ գլոբալ պայքարի տեսանկյունից, էական դերակատարում են ապահովում: Այս եզրահանգմամբ Լոնդոնի կայսերական քոլեջի գիտահետազոտական խմբերից մեկի անդամներն են հանդես եկել:

Փորձագետները ԱՄՆ-ում, Եվրոպայում, Արեւելյան Ասիայում եւ Ավստրալիայում՝ շուրջ 1900 կամավորների մասնակցությամբ իրականացված 12 հետազոտությունների արդյունքներն են վերլուծել՝ պարզելու համար, որ սոցիալական ցանցերի կողմից առաջարկվող ծրագրերը համեստ, բայց եւ բավականին նշանակալի արդյունքներ են գրանցել՝ հավելյալ քաշի դեմ պայքարում: Համաձայն տվյալների, սոցցանցերի ծառայություններից օգտված մարդկանց մոտ մարմնի զանգվածի ինդեքսի՝ 0,64 կետի չափով նվազում է նկատվել: Գիտնականների համոզմամբ, առաջին հայացքից համեստ թվացող այս ցուցանիշն իրականում նշանակալի փոփոխությունների է հանգեցրել, հաղորդում է Medical News Today-ը:

Ինչպես հայտնել է հետազոտության հեղինակ Հութան Աշրաֆյանը, ճարպակալմամբ տառապող մարդկանց պարագայում այնպիսի սոցցանցերի կիրառությունը, ինչպիսիք են Twitter-ը եւ Facebook-ը, հավելյալ քաշից ազատվելու հարցում կարող է ոչ միայն բժիշկների, այլ նաեւ՝ հասակակիցների եւ ընկերների աջակցությունը ապահովել: Սոցցանցերի կիրառության՝ այլ մեթոդների նկատմամբ առավելություններից մեկն այն է, որ այն, ի տարբերություն ավանդական մոտեցնումների, ամենօրյա օգտագործման համար տնտեսապես առավել արդյունավետ եւ պրակտիկ ներուժ է առաջարկում: Հասարակության լիարժեք մասը լինելու զգացումը շրջապատող մարդկանց աջակցության վրա հենվելու հնարավորություն է ընձեռում հիվանդներին, ինչը կարող է հավելյալ քաշի առավել արդյունավետ կորստի հանգեցնել: Բացի այդ, հիշյալ մարդիկ, անհարմարություններից եւ տնից դուրս գալու անհրաժեշտությունից զերծ մնալով, բժշկից խորհրդատվություն ստանալու հնարավորություն են ձեռք բերում, իսկ բժիշկները կարող են միաժամանակ մի քանի հիվանդների օգնել:

Վերջին տասնամյակների ընթացքում ճարպակալումն առողջապահության հիմնական խնդիրներից մեկն է դարձել. հիվանդության բուժման նպատակով իրականացված պետական ծախսումների ծավալը տարեցտարի աճ է գրանցում: Բացի այդ, ճարպակալումը կարող է մի շարք այլ հիվանդությունների, մասնավորապես՝ սրտանոթային խանգարումների, ինսուլտի, երկրորդ տիպի շաքարախտի եւ քաղցկեղի մի քանի տեսակների առաջացման ռիսկ խթանել: