Ընտանեկան բռնության դեպքերը Հայաստանում, ցավոք, հազվադեպ չեն: Նման երեք դեպքերի մասին պատմել է Կանանց իրավունքների կենտրոնի հոգեբան Մարինե Մարտիրոսյանը:
Պատմություն առաջին
30 տարի շարունակ կինը ամուսնու կողմից բռնության էր ենթարկվում՝ թե ֆիզիկանան, թե՝ հոգեբանական: Նա այնքան անելանելի վիճակում էր հայտնվել, որ նույնիսկ ինքնասպանության փորձ էր կատարել: Նա ուներ 4 երեխա, որոնցից երկուսն ամուսնացած էին. նույնիսկ թոռներ ուներ, բայց, չնայած այդ ամենին, այլեւս չէր ցանկանում ապրել:
Ինքնասպանության անհաջող փորձից հետո նա դիմել էր Կանանց իրավունքների կենտրոն, որտեղ, շփվելով հոգեբանի հետ, հասկացել էր, որ պետք է ոչ միայն շարունակեր ապրել, այլեւ պետք է սկսեր գնահատել այն, ինչ ուներ, եւ, ամենակարեւորը, սովորեր ինքն իրեն գնահատել: Այնուհետեւ իրավաբանն օգնել էր նրան ամուսնալուծվել, բաժանել համատեղ գույքը եւ սկսել ինքնուրույն կյանքով ապրել:
Այսօր կնոջ մյուս երկու երեխաներն էլ են ամուսնացել, նա մի քանի թոռ ունի եւ, հոգեբանի խոսքով, շատ երջանիկ է:
Պատմություն երկրորդ
Մեկ այլ կին էլ ավելի վատ վիճակում էր հայտնվել: Նրա ամուսինը թմրամոլ էր եւ թմրեցրել էր կնոջը դեղամիջոցների օգնությամբ եւ նրան թմրանյութեր էր ներարկել, ինչի հետեւանքով այս կինը ձեռք էր բերել ոչ միայն հոգեբանական, այլեւ լուրջ առողջական խնդիրներ:
Կենտրոն դիմելուց հետո նա հեռացել է ամուսնուց; իր հարազատներն իր կողքին են եւ պատրաստ են օգնել նրան, սակայն, հոգեբանի խոսքով, առողջական խնդիրները լուծելու համար նրան դեռ շատ ժամանակ է պահանջվելու:
Պատմություն երրորդ
Հոգեկան խանգարումներ ունեցող ամուսինը մեկ օր կապել էր կնոջն աթոռին եւ ցանկացել էր այրել նրան, սակայն չէր հասցրել. նրանց 8 տարեկան որդին միջամտել եւ փրկել էր մորը: Դա առաջին դեպքը չէր, երբ ամուսինը փորձում էր սպանել կնոջը, սակայն հենց այդ դեպքը հանդիսացել էր բաժակի վերջին կաթիլը, եւ կինը վերջապես օգնության էր դիմել:
Այժմ կինը հեռացել է ամուսնուց, ամուսինը բուժում է ստացել: Նրանք այժմ առանձին են ապրում, կինը՝ դստեր հետ, ամուսինը՝ որդու: Հետաքրքիր է, որ որդին ինքն է ցանկացել հոր հետ մնալ՝ նրան օգնելու եւ նրա բուժման ընթացքին հետեւելու համար:
--
Նման պատմությունները շատ են, եւ ցավոք, ոչ բոլորն են լավ ավարտ ունենում:
Եթե ընտանիքում բռնության զոհ եք դարձել, անվճար հոգեբանական եւ իրավաբանական օգնության համար կարող եք դիմել Կանանց իրավունքների կենտրոն՝ զանգահարելով 010 54 28 28 կամ 0 800 80 850 հեռախոսահամարներով:






