Կրծքագեղձի քաղցկեղը հաղթահարածները, որոնք ցանկանում են երեխա ունենալ, կարող են հանգստացնել իրենց նոր հետազոտության արդյունքներով, որոնք ցույց են տալիս, որ մայրությունը չի նվազեցնում ապագայում գոյատեւման նրանց հնարավորությունները, գրում է UPI-ն:
Կրծքագեղձի քաղցկեղի շատ տեսակներ զգայուն են հորմոնների նկատմամբ, եւ համարվում է, որ հղիության ընթացքում հորմոնների մակարդակի բարձրացումը կարող է մեծացնել կրծքագեղձի քաղցկեղի վերադարձի հավանականությունը կամ նվազեցնել գոյատեւման հնարավորությունները: Ուռուցքային բջիջների աճը խթանվում էստրոգեն եւ պրոգեստերոն հորմոնների կողմից:
Գիտնականները վերլուծել են 290 կանանց տվյալները, որոնք ողջ երեխաներ են ծնել կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշումից հետո: Արդյունքները ցույց են տվել, որ նրանց ընդհանուր գոյատեւումն ավելի բարձր է եղել՝ համեմատած նրանց հետ, ովքեր չեն ծննդաբերել կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշումից հետո:
Հետազոտության արդյունքները ներկայացվել են Մարդու վերարտադրության եւ սաղմնաբանության եվրոպական ընկերության տարեկան հանդիպմանը։
Հետազոտողները նաեւ վերլուծել են ուռուցքի փուլը, նախորդ հղիությունը եւ ախտորոշման ժամանակ տարիքը:
Գոյատեւման մակարդակն ավելի բարձր է եղել նրանց մոտ, ովքեր առաջին անգամ հղիացել են կրծքագեղձի քաղցկեղից հետո, պարզել է հետազոտական թիմը: Կանայք, ովքեր հղի են եղել մինչեւ կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանալը, ունեցել են գոյատեւման նմանատիպ ցուցանիշներ՝ անկախ նրանից՝ հետագայում ծննդաբերել են, թե ոչ:
Ախտորոշման ժամանակ երիտասարդ տարիքը եւ հետագայում մայրանալը նույնպես կապված են եղել գոյատեւման աճի հետ: Բոլոր տարիքային խմբերը ցույց են տվել ավելի բարձր կամ նմանատիպ գոյատեւում, համեմատած այն կանանց հետ, ովքեր երեխա չեն ունեցել ախտորոշումից հետո:






