Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը հանդիպել է Ֆրանսիայի Մարսել քաղաքի Հանրային աջակցության կլինիկայի միջազգային կապերի վարչության պետ Հերվե դ’Օրիանոյի եւ նույն կլինիկայի բժշկական կոմիտեի գլխավոր քարտուղար Միշել Զիմառատոյի հետ։ Հյուրերը ներկայացրել են Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հետ համագործակցության մանրամասներն ու հեռանկարները։
Դավիթ Օհանյանը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգանյանի անունից շնորհակալություն է հայտնել հյուրերին այցի եւ այդպիսով նաեւ Երեւանի ու Մարսելի միջեւ համագործակցության գործում արձանագրվող եւս մեկ գործուն քայլի համար։
«Երեւանի եւ Մարսելի միջեւ համագործակցության պայմանավորվածությունները վավերացվելուց ի վեր գործնական քայլեր ենք արձանագրում։ Դրա վառ ապացույցն է նաեւ վերջերս Մարսելից Երեւան ուղարկված անվասայլակների ու բուժսարքավորումների խմբաքանակը, որ արդեն տրամադրել ենք հասցեական։ Համոզված եմ, որ այս այցը եւս կլինի մեր երկու քաղաքների միջեւ համագործակցության ներուժի առարկայական ապացույցը»,- նշել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը։
Մարսելի հանրային աջակցության կլինիկայի միջազգային կապերի վարչության պետ Հերվե դ’Օրիանոն ներկայացրել է, որ իրենց կլինիկաների ցանցն ավելի քան 20 տարվա համագործակցության հաջողված փորձ ունի Հայաստանի շուրջ տասնյակ կլինիկաների հետ։
«Ծրագիրը, որ նախաձեռնել ենք Երեւանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի հետ, կարելի է ասել՝ հորիզոնական համագործակցություն է, քանի որ, այցի օրերին լինելով կլինիկայում, տեսանք բավականին բարձրակարգ բուժանձնակազմ եւ լավ տեխնիկայով հագեցած կլինիկա։ Վստահ ենք, որ լավ հիմքի վրա կառուցվելիք վերապատրաստման ծրագրերը սպասվածի չափ արդյունավետ կլինեն։ Ծրագրել ենք ինչպես փոխայցեր, այնպես էլ տեսակոնֆերանսների անցկացում»,- նշել է Հերվե դ’Օրիանոն։
Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը եւս Դավիթ Օհանյանին է ներկայացրել համագործակցության ծրագրային մանրամասներ եւ նշել, որ համագործակցությունը ներառելու է խարհրդատվություն՝ բարդ հիվանդությունների դեպքերում հավաքված նյութերը համատեղ քննարկելու հնարավորությամբ։
Ամփոփելով հանդիպումը՝ Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն ընդգծել է, որ Երեւանի քաղաքապետարանը պատրաստակամ է լիազորությունների սահմաններում աջակցել ու նպաստել համագործակցությանն ու նոր ծրագրերին։






