Շատ հաճախ բռնության զոհ են դառնում վաղ տարիքում ամուսնացած կանայք, ովքեր չունեն կրթություն ու մասնագիտություն, եւ ովքեր պատրաստ չեն ինքնուրույն կյանքի: Հայաստանում գործող կանանց աջակցման կենտրոնները նման կանանց օգնում են դուրս գալ ստեղծված իրավիճակից, մասնագիտություն կամ արհեստ սովորել եւ սկսել ինքնուրույն ապրել:
Ահա թե ինչ պատմեց NEWS.am Medicine-ի թղթակցին Կանանց իրավունքների կենտրոնի հոգեբան Մարինե Մարտիրոսյանը:
Կինը, ում անունը հասկանալի պատճառներով չի նշվում, ընդամենը 32 տարեկան էր, երբ դիմեց Կանանց իրավունքների կենտրոն: Նա բնակվում էր Հայաստանի մարզերից մեկում, ուներ ամուսին եւ երկու երեխա: Միեւնույն ժամանակ նա չուներ կրթություն եւ երջանիկ կյանք:
Կինը բավական վաղ տարիքում էր ամուսնացել. ամուսինը «փախցրել» էր նրան, եւ թեկուզ դպրոցից հետո նրան հաջողվել էր ընդունվել համալսարան, ամուսինը թույլ չէր տվել շարունակել ուսումը եւ մասնագիտություն ստանալ: Իսկ հետո առաջին այդ արգելքին հետեւել էին այլ արգելքները. շուտով կնոջն արդեն չէր կարելի տանից դուրս գալ եւ հարազատների հետ շփվել: Իսկ հաջորդ քայլն արդեն բռնությունն էր ամուսնու կողմից՝ թե ֆիզիկական, եւ թե՝ հոգեբանական:
17 տարի շարունակ կինը բռնության են ենթարկվում եւ լռում էր այդ մասին: Նրա ամուսինն իրականում թմրամոլ էր, բայց կինը հույս ուներ, որ մեկ օր ամեն ինչ կփոխվի:
Սակայն ոչինչ չէր փոխվում, եւ կինը վերջապես հասկացավ, որ այդպես ապրելով եւ բռնությունը հանդուրժելով նա կործանում է թե իր, եւ թե երեխաների կյանքը: Այդ օրը նա առաջին անգամ զանգահարել էր Կանանց իրավունքների կենտրոն եւ օգնություն խնդրել:
Հոգեբանի հետ զրուցելուց հետո կինը եկել էր Երեւան եւ ժամանակավոր բնակվել կենտրոնի ապաստարաններից մեկում: Մի քանի ամիս շարունակ նա կենտրոնի աջակցությամբ հաշվապահական դասերի էր հաճախում, որպեսզի կարողանար աշխատել եւ ինքնուրույն գումար վաստակել:
Այսօր այդ կինն ապրում է Երեւանում՝ իր երեխաների հետ միասին: Նա կայացել է իր նոր մասնագիտության մեջ եւ այնքան է վաստակում, որ կարողանում է լիովին ապահովել իրեն եւ երեխաներին:
Հոգեբան Մարինե Մարտիրոսյանի խոսքով՝ նման կանայք, ովքեր ցանկանում են բաժանվել բռնարար ամուսիններից, բայց չեն կարողանում ինքնուրույն ապրել, Կանանց իրավունքների կենտրոնում կարող են ստանալ ժամանակավոր ապաստան եւ մասնակցել անվճար դասընթացների՝ սովորել, օրինակ, վարսահարդարում, մատնահարդարում կամ այլ պահանջված արհեստ, որը կօգնի նրանց գումար աշխատել եւ ինքնուրույն ապրել:






