Հետազոտությամբ ապացուցվել է, որ կրծքի կաթի բաղադրության մեջ առկա սպիտակուցներից մեկը վաղաժամ ծնված երեխաների պարագայում աղիքների՝ նեկրոտիկ էնտերոկոլիտ անվամբ հայտնի մահացու վտանգավոր խանգարման դեմ փրկարար ազդեղություն է ապահովում:

Լոս Անջելեսում գործող մանկական հիվանդանոցը ներկայացնող գիտահետազոտական խմբի անդամները պարզել են, որ «նեյրեգուլին-4 (NRG4) անունը ստացած սպիտակուցը վաղաժամ ծնված երեխաների՝ պաշտպանական մեխանիզմներից դեռեւս զուրկ աղիքներները նեկրոտիկ էնտերոկոլիտից զերծ պահելու հնարավորություն է ընձեռում»: Այս մասին, մասնավորապես, հետազոտության հեղինակ, բուժհաստատությանը կից գործող The Saban գիտահետազոտական ինստիտուտի աշխատակից Մարկ Ֆրեյն է նշել:

Գիտնականները լաբորատոր պայմաններում առնետների կրծքի կաթի եւ վաղաժամ ծնված կենդանիների աղիքային հյուսվածքների ուսումնասիրություն են նախաձեռնել՝ պարզելու համար, որ արհեստական կեր ստացող կրծողների մոտ նեկրոտիկ էնտերոկոլիտի նմանությամբ բարդություն է ի հայտ գալիս, սակայն երբ կերակրին նաեւ NRG4 է ավելացվում, կենդանիներին հաջողվում է հիվանդության դեմ պաշտպանիչ գործառույթներ ձեռք բերել:

Երեւույթի պատճառը, գիտնականների եզրահանգման համաձայն, այն է, որ NRG4-ը աղիքներում առկա ռեցեպտորներին միանալու եւ բորբոքային գործընթացների առաջացումը կանխարգելելու հատկություն է դրսեւորում, հաղորդում է FoxNews-ը:

«Իսկ եթե երեխան արհեստական կեր է ընդունում, նեկրոտիկ էնտերոկոլիտի առաջացում խթանող որեւէ գործոնի ազդեցությամբ մահվան վտանգի առաջ կարող է կանգնել», - եւս մեկ անգամ հիշեցրել է փորձագետը:

Նեկրոտիկ էնտերոկոլիտը փոքր աղիներում առկա՝ օրգանը մանրէածին խանգարումներից պաշտպանող աղիքային բջիջների կորստով է բնորոշվում: Առնետների նկատմամբ իրականացված փորձարկումների արդյունքում գիտնականները պարզել են, որ  NRG4-ը հենց այդ բջիջների կորուստը կանխարգելող հատկությամբ է աչքի ընկնում:

Նեկրոտիկ էնտերոկոլիտ ունեցող նորածինների 30 տոկոսին չի հաջողվում հիվանդությունը հաղթահարել, իսկ մնացյալ 70 տոկոսին էլ ողջ կյանքի ընթացքում խանգարման հետեւանքները կարող են ուղեկցել, որոնք ի վերջո աղիների մասնակի հեռացման եւ ներերակային սնուցման անհրաժեշտության են հանգեցնում:

«Հաշվի առնելով, որ նեկրոտիկ էնտերոկոլիտի բուժման արդյունավետ եղանակ առայժմ գոյություն չունի, առաջիկայում փորձելու ենք նաեւ NRG4-ի թերապեւտիկ ներուժը պարզել», - խոստացել է Մարկ Ֆրեյը: