Հաճախասրտությունը կարող է առաջանալ անեմիայի՝ վահանաձեւ գեղձի հիվանդության կամ ցածր ճնշման պատճառով, Москва 24-ին ասել է թերապեւտ Նադեժդա Չեռնիշովան։
Նրա խոսքով՝ առողջ մարդու զարկերակը օրվա ընթացքում փոխվում է, բայց դուրս չի գալիս որոշակի սահմաններից։ Փորձագետի խոսքով՝ նորմալ է մեկ րոպեում 60-80 զարկը։
Հաճախասրտությունը կարող է առաջանալ նաեւ ֆիզիկական ծանրաբեռնվածության եւ հուզական ապրումների ժամանակ։ Բայց երբեմն այն կարող է վկայել նաեւ լուրջ հիվանդությունների առկայության մասին, ընդգծել է մասնագետը։
«Մարդը կարող է ինքն իրեն որոշել, թե պարզապես նյարդայնանում է։ Բայց նա նյարդայնանում է գուցե այն պատճառով, որ նրա մոտ բարձր է վահանաձեւ գեղձի ֆունկցիան, եւ նա, ի հաշիվ հորմոնների, դառնում է խիստ գրգռված։ Այսինքն՝ իրավիճակը բացատրել պարզապես նրանով, թե ես նյարդայնանում եմ, դրա համար էլ զարկերակս արագ է՝ լավ տարբերակ չէ»,- բացատրել է բժիշկը։
Թերապեւտի խոսքով՝ պատճառը գուցե ցածր հեմոգլոբինն է։ Դա կարող է լինել կոմպենսատորային մեխանիզմ, երբ օրգանիզմը փորձում է հաղթահարել ինչ-որ խնդիր եւ ուժեղացնել արյան շրջանառությունը զարկերակի հաճախացման միջոցով։
«Դա կարող է լինել սրտի ռիթմի խնդիրների պատճառով։ Կամ ցածր զարկերակային ճնշման դեպքում։ Լինում է նաեւ այնպես, որ թթվածինը չի բավականացնում, եւ օրգանիզմը փորձում է պակասը լրացնել հաճախակիացած սրտի զարկերով»,- նշել է Չեռնիշովան։
Եթե հանգիստ վիճակում զարկերակը չի վերականգնվում՝ հասնելով նորմալ մեծությունների, բժիշկը խորհուրդ է տալիս անպայման դիմել մասնագետի եւ զննվել։
«Հաճախացած զարկերակը փորձանքի կեսն է։ Եթե զարկերակը 50 է եւ ավելի ցածր՝ առանց տեսանելի պատճառների, այդ ժամանակ հարկավոր է շտապօգնություն կանչել եւ հիվանդանոց գնալ»,- նախազգուշացրել է փորձագետը։






