Լսողական խնդիրներ ունեցող հայ պատանիները տարբեր բուհերի ուսանողներ են դարձել։ Մասնավորապես, նրանցից մի քանիսը Գեղարվեստի ակադեմիայում են սովորում, մի մասն էլ՝ մանկավարժական համալսարանի սուրդոթարգմանության բաժնում։ Այս մասին պատմել է լսողական խնդիրներով երեխաների կրթահամալիրի կառավարման խորհրդի նախագահ Ախոտ Ավետիսյանը, նշելով, որ բոլորը իրենց դպրոցի սաներն են։

Դպրոցի նախապատրաստական դասարանի ընդունելությունը կատարվում է 5 տարեկանից։ 6 տարեկանից երեխաները առաջին դասարան են գնում եւ ուսանում ստանդարտ ծրագրերով։ Դրան գումարած մանկավարժները շաբաթը երեք անգամ անհատական պարապմունքներ են անցկացնում երեխաների հետ, աշխատելով ձայնի, խոսքի զարգացման վրա, փորձելով աշխարհը ճանաչելի դարձնել նրանց համար։ «Որոշ երեխաներ գալիս են մեզ մոտ առանց տարրական գիտելիքների», – ասել է՝ Ա. Ավետիսյանը։

Կան երեխաներ, որ դպրոց են գալիս ուշացումով։ «Որոշ ծնողներ համարում են, որ եթե երեխաները խնդիր ունեն, նրանց այլեւս ոչնչով չի կարելի օգնել։ Բայց պահ է գալիս, որ նրանք գիտակցում են իրենց սխալը, եւ երեխաներին մեզ մոտ բերում։ Մեր սանը եթե անգամ բուհ չընդունվի, գոնե ավագ արհեստագործական դպրոցը կարող է ավարտել եւ հասարակության համար պիտանի մարդ դառնալ», – ասել է նա։

Արհեստագործական դպրոցում երեխաները կոշկակարություն, դերձակություն, վարսահարդարում եւ այլ մասնագիտություններ են ուսանում։ Այսօր դպրոցն ունի 133 սան, որոնց 60-65 տոկոսը շրջաններից է։ Ինտերնատը ամբողջությամբ պետական գումարներով է գոյատեւում՝ երեխաների կացությունը ներառյալ։

Դպրոցում կազմակերպվում են նաեւ համրերի լեզվի հատուկ կուրսեր ծնողների համար։