Երբեմն լինում են հիվանդներ, որոնց հետ աշխատելը եւ որոնց բուժելն իմաստավորում է բժիշկների եւ վիրաբույժների կյանքը, պնդում է պլաստիկ վիրաբույժ, ՀՀ պլաստիկ վիրաբուժության ասոցիացիայի նախագահ Արմեն Հովհաննիսյանը:

NEWS.am Medicine-ի թղթակցին նա այսպիսի մի պատմություն է ներկայացրել:

Մի քանի տարի առաջ 8-ամյա մի տղա դրսում խաղալիս ընկել է մեծ բեռնատար ավտոմոքենայի տակ։ Ծանր բեռնատարի անիվն անցել է տղայի ոտքի վրայով եւ պարզապես ջախջախել այն:

Տղային ծանր վիճակում հասցրել են հիվանդանոց, որտեղ նրա ոտքը, որը պահպանումն անհնար էր թվում, մի քանի անգամ վիրահատել են՝ ոսկորները դժվարությամբ հավաքել, մաշկալաթեր տեղափոխել:

Այդ դեպքից հետո անցել է մոտ 6-7 տարի: Արմեն Հովհաննիսյանի խոսքով, եթե այսօր որեւէ մեկը տեսնի այդ տղային, չի էլ կարող պատկերացնել, որ նրա ոտքը մի քանի տարի առաջ անդամահատման եզրին էր: Տղան բացարձակապես առողջ է եւ, իհարկե, քայլում է:

«Լինում են դեպքեր, որոնք իմաստավորում են ամբողջ կյանքդ։ Եթե նույնիսկ մեկ այդպիսի հիվանդ ես բուժում, հասկանում ես, որ կյանքդ իզուր չես ապրել», - նշել է պլաստիկ վիրաբույժը: