Լիբերիայում Էբոլա հեմոռագիկ տենդով վարակված ամերիկացի բժիշկ Ռիկ Սեկրայի մոտ, համալիր բուժման արդյունքում, առողջական վիճակի շոշափելի բարելավում է նկատվում: Այս մասին ԱՄՆ Նեբրասկա նահանգում գտնվող Օմահա քաղաքի՝ 51-ամյա տղամարդու բուժմամբ զբաղվող հիվանդանոցի ներկայացուցիչներն են հաղորդել:
Մասնագետների խոսքով, Սեկրան իր գործընկերներից մեկի՝ ներկայումս մահացու վտանգավոր հիվանդությունից լիովին ապաքինված 33-ամյա ամերիկացի Քենթ Բրենթլիի արյան պլազմայի երկու չափաբաժին է ստացել: «Միանշանակ չեմ կարող ասել, թե առավելապես ինչն է Սեկրայի վիճակի բարելավմանը նպաստել՝ պլազմայի ներարկումը, փորձարարական դեղամիջոցի կիրառումը, թե ագրեսիվ ներերակային ինֆուզիոն թերապիան», - նշել է բուժանձնակազմի անդամ դոկտոր Ֆիլ Սմիթը: Վերջինս, NBC News-ի հաղորդմամբ, հրաժարվել է կիրառված փորձարարական դեղամիջոցի անվանումը նշել, քանի որ այն դեռեւս մշակման վաղ փուլում է գտնվում:
Լիբերիայում Սեկրան ամերիկյան SIM քրիստոնեական բարեգործական կազմակերպության գծով էր իր մասնագիտական գործունեությունը ծավալում: Նա վերջին ամիսների ընթացքում Էբոլա հեմոռագիկ տենդով վարակված երրորդ ամերիկացին է հանդիսանում: Ավելի վաղ հիվանդությունից բուժման նպատակով ԱՄՆ երկու քաղաքացիներ՝ բժիշկներ Քենթ Բրենթլին, որի արյան պլազման ներկայումս Սեկրայի բուժման նպատակով է կիրառվում եւ Նենսի Րայթբոլը Ատլանտա քաղաքում (Ջորջիա նահանգ) գործող Էմորիի համալսարանի բուժկենտրոն էին տեղափոխվել: Ընդ որում, հիշյալ երկու անձինք եւս Լիբերիայում են մահացու վտանգավոր հիվանդությամբ վարակվել եւ ներկայումս լիովին ապաքինված են համարվում:






