Բազմաթիվ հետազոտություններ են կատարվում պարզելու համար, թե ինչպես են մարդիկ ձեռք բերում հաջորդական շարժիչ հմտություններ, ընդ որում հետազոտությունների մեծ մասն արվել է առողջ երիտասարդ չափահասների վրա:

Science Advances ամսագրում հրապարակված նոր ուսումնասիրության մեջ գիտնականները պարզել են, որ ուղեղի տրանսկրանիալ խթանումը կարող է բարելավել տարիքային խանգարումները նոր շարժիչ հմտություններ սովորելու հարցում:

Հետազոտության մեջ օգտագործվել է գնահատելու ընդհանուր եղանակ, թե որքան լավ է մարդը սովորում շարժման նոր հմտություններ, որը կոչվում է «մատներով տկտկացնելու առաջադրանք»: Այն ներառում է թվերի հնարավորինս արագ եւ ճշգրիտ հաջորդական մուտքագրում: Այս առաջադրանքը տարածված է հետազոտության մեջ, քանի որ այն նմանակում է այնպիսի գործողություններ, որոնք պահանջում են ձեռքի բարձր ճկունություն, ինչպիսիք են դաշնամուր նվագելը կամ ստեղնաշարով մուտքագրելը, միեւնույն ժամանակ թույլ է տալիս կատարելագործման օբյեկտիվ գնահատում, որը սահմանվում է որպես արագության բարձրացում՝ առանց ճշգրտության կորստի:

Հետազոտության ընթացքում երիտասարդների եւ տարեցների խմբերը սկզբում սովորել եւ թեստավորվել են մատներով տկտկացնելու առաջադրանքների նոր հաջորդականության վրա, եւ պարզվել է, որ երիտասարդներն ամենաարդյունավետն են յուրացրել տկտկացնելու առաջադրանքը՝ առաջնահերթությունը տալով ճշգրտության բարձրացմանը առաջին վարժանքի ընթացքում եւ հետագայում կենտրոնանալով արագության բարձրացման վրա:

Ի տարբերություն նրանց, տարեց մարդիկ վարժությունների ընթացքում աստիճանաբար բարելավել են իրենց ճշգրտությունը՝ ստեղծելով արդյունավետ շարժիչ բլոկներ միայն ավելի երկար պրակտիկայից հետո:

Ընթացիկ հետազոտության ընթացքում մասնագետները մասնակիցների վրա կիրառել են մշտական հոսանքի միջոցով անոդալ տրանսգանգային խթանումը եւ պարզել են, որ այն օգնում է տարեցներին զգալիորեն բարելավել իրենց ճշգրտությունը ավելի վաղ մարզումների ժամանակ եւ այնպիսի օրինակով, ինչպիսին երեւում է երիտասարդ հետազոտության մասնակիցների մոտ:

Գիտնականները եկել են այն եզրակացության, որ այս մեթոդը կարող է գոնե մասամբ վերականգնել շարժման հմտությունների ձեռքբերումը թուլացած ուսուցման մեխանիզմներով մարդկանց մոտ՝ հեշտացնելով ինֆորմացիան հիշելը, արագորեն նվազեցնելով մտավոր ծանրաբեռնվածությունը եւ թույլ տալով օպտիմալացնել հերթականության մեխանիկական կատարումը: