Փոքրիկ կրիաները սալմոնելոզի բռնկման պատճառ են դարձել մի քանի նահանգներում, ինչը հինգ հոսպիտալացման է հանգեցրել, հինգշաբթի հայտնել է ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը, փոխանցում է Medical Xpress-ը։ Գործակալությունը բռնկումը, որը 11 նահանգներում առնվազն 15 մարդու է վարակել սալմոնելոզով, կապել է մոտ 4 դյույմ երկարությամբ կրիաների հետ:
Փոքր սողունների մեծ մասն առցանց է գնվել:
Դաշնային օրենքն արգելում է փոքր կրիաների վաճառքը՝ որպես ընտանի կենդանիներ: Կենտրոնների հետաքննական զեկույցում ասվում է, որ վարակվածների իրական թիվը, հավանաբար, ավելի մեծ է, բայց շատերն առանց թեստավորման կամ բժշկական օգնության ապաքինվում են, վարակվածներից շատերը երեխաներ են:
Սովորաբար սալմոնելոզի ախտանիշները փորլուծություն, ջերմություն եւ ստամոքսի ցավեր են ներառում, որոնք հայտնվում են բակտերիաների հետ շփումից վեց ժամից մինչեւ վեց օր հետո: Հիվանդությունը սովորաբար տեւում է չորսից յոթ օր՝ չնայած որոշ մարդկանց մոտ ծանր ախտանիշներ են առաջանում, որոնք հոսպիտալացում են պահանջում: Հատկապես խոցելի են մինչեւ 5 տարեկան երեխաները, 65 տարեկանից բարձր անձինք եւ թուլացած իմունային համակարգ ունեցող մարդիկ։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները խորհուրդ են տալիս 4 դյույմից պակաս պատյան ունեցող կրիաներ չգնել: Գործակալությունը նշում է, որ 4 դյույմից ավելի մեծ կրիաները պետք է գնել միայն լավ հեղինակությամբ կենդանիների խանութներից կամ փրկարարներից:






