Վայրի կապիկների կծելը կարող է հանգեցնել ոչ միայն արյան կորստի եւ կոտրվածքների, այլեւ վարակների առաջացման։ Այս մասին հայտնում է «Հինգերորդ ալիքը»՝ հղում անելով ինֆեկցիոնիստ Գեորգի Վիկուլովին։
Նրա խոսքով՝ Երկրի վրա գոյություն ունի կապիկների ավելի քան 300 տեսակ, որոնք ներկայացնում են վտանգի տարբեր մակարդակ։ Պրիմատները կարող են կապիկի ծաղիկի, տուբերկուլյոզային վարակի, դիզենտերիայի, մարդու պոտենցիալ հերպես-վիրուսների աղբյուր լինել, պարզաբանել է մասնագետը։
Վիկուլովը նշել է, որ կենդանիները նույնպես ունեն իմունային անբավարարության վիրուս։
«Կա տեսություն, որ ՄԻԱՎ վարակը ծագել է Աֆրիկայում, այդ թվում՝ կապիկներից։ Այն չի հանվում օրակարգից։ Եվ, իհարկե, արդիական է որոշ բակտերիալ վարակների փոխանցումը։ Եթե կենդանին հիվանդ է, ապա դա նույնպես հնարավոր է»,- ընդգծել է ինֆեկցիոնիստը։
Նա հավելել է, որ եթե կապիկի բերանի խոռոչում պաթոլոգիա է հայտնաբերվել, ապա թքի արտազատումը եւ մաշկի վնասվածքը կարող են վտանգավոր լինել։ Վիկուլովը նշել է, որ Մոսկվայի մարզում աղջկա վրա հարձակված կապիկի դեպքում պետք է հասկանալ, թե պատվաստվել է արդյոք նա վերահսկվող վարակիչ հիվանդությունների դեմ։ Այդ դեպքում տուբերկուլյոզով կամ հեպատիտով հիվանդանալու հավանականությունը գրեթե անհնար է, հաղորդում է «Մոսկվա 24»-ը։
«Բայց եթե երեխան պատվաստված չէ, թուլացած է, ապա նրա մոտ կարող են որոշ վարակներ առաջանալ, այդ թվում՝ կապիկի ծաղիկի վիրուս, քանի որ կապիկը այդ հարուցիչի աղբյուրը կարող է լինել»,- նշել է ինֆեկցիոնիստը։






