ԱՀԿ-ն կապիկի ծաղիկի բռնկումը գլոբալ արտակարգ իրավիճակ է հայտարարել , հաղորդում է AP-ը։
Դա նշանակում է, որ կապիկի ծաղիկի բռնկումն «արտակարգ իրադարձություն» է, որը կարող է տարածվել ավելի շատ երկրներում եւ պահանջում է համակարգված գլոբալ արձագանք: ԱՀԿ-ն նախկինում արտակարգ իրավիճակ է հայտարարել COVID-19 համավարակը, 2014 թվականին Էբոլայի բռնկումը, 2016 թվականին Զիկա վիրուսը։ Անցյալ ամիս ԱՀԿ-ի փորձագիտական կոմիտեն հայտարարել է, որ կապիկի ծաղիկի համաշխարհային բռնկումը դեռեւս միջազգային արտակարգ իրավիճակ չէ, բայց կոմիտեն այս շաբաթ հանդիպել է՝ իրավիճակը վերագնահատելու համար:
Ըստ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի տվյալների՝ մոտավորապես մայիսից 74 երկրներում գրանցվել է կապիկի ծաղիկի ավելի քան 16 000 դեպք: Մինչ օրս մահացության դեպքեր են գրանցվել միայն Աֆրիկայում, որտեղ վիրուսի ավելի վարակիչ տարբերակը տարածվում է հիմնականում Նիգերիայում եւ Կոնգոյում:






