Ճապոնիայի պատվավոր կայսր Ակիհիտոյի՝ ներկայիս կայսեր հոր մոտ, սրտի անբավարարություն է  ախտորոշվել, սակայն բուժման արդյունքում նրա վիճակը բարելավվել է, երեքշաբթի հայտնել է Կայսերական տան գործակալության պաշտոնական ներկայացուցիչը, հաղորդում է Reuters-ը:

88-ամյա Ակիհիտոն հրաժարական էր տվել 2019-ին, ինչը դարձավ ճապոնական կայսեր՝ գահից առաջին հրաժարումը վերջին երկու դարի ընթացքում: Նա հայտարարել էր, որ վստահ չէ, որ դեռ ի վիճակի է կատարել իր աշխատանքը: Սրտի անբավարարությունը մի վիճակ է, երբ սրտի մկանն այնքան լավ արյուն չի մղում, ինչպես պետք է, եւ այն հնարավոր է բուժել: Այն տարբերվում է սրտի կաթվածից, երբ դեպի սրտի արյան մատակարարումը հանկարծակի կտրվում է։ Ակիհիտոյի մոտ սրտի անբավարարություն ախտորոշվել էր սրտի փականի խափանման պատճառով, եւ դրանից հետո նա դեղորայքով եւ սահմանափակ ակտիվությամբ եւ հեղուկի ընդունմամբ բուժում է ստանում, հայտնել է կայսերական ընտանիքի ներկայացուցիչը: Նրա մոտ ախտանիշները սկսել էին դրսեւորվել հունիսին, իսկ ախտորոշումն արվել էր այս ամիս:

«Այժմ նա սովորական կյանք է վարում»,- հավելել է պաշտոնական ներկայացուցիչը: