Հայաստանում մի քանի կրթարաններ կան, որտեղ հատուկ կարիքներ ունեցող երեխաներն առողջների հետ միասին են սովորում: Ինչպե՞ս է նման ուսումն անդրադառնում առողջ երեխաների վրա: Արժե՞ արդյոք, որ նրանք խնդիրներ ունեցող երեխաների հետ միասին սովորեն: Հարցերի շուրջ NEWS.am Medicine-ի թղթակիցը հոգեբան Նունե Աղասյանի հետ է զրուցել:
Նունե Աղասյանը, ով շուրջ 6 տարի է՝ ներառական կենտրոններում՝ հատուկ կարիքներ ունեցող երեխաների հետ է աշխատում, փաստել է, որ կան ծնողներ, ովքեր չեն ցանկանում, որ իրենց առողջ երեխաները հատուկ կարիքներ ունեցողների հետ սովորեն եւ շփվեն, քանի որ վերջիններս երբեմն կարող են ոչ համարժեք վարք դրսեւորել, օրինակ՝ անտեղի գոռալ: Արդյո՞ք նման վարքը կարող է բացասաբար անդրադառնալ առողջ երեխաների վրա:
Հոգեբանի հավաստմամբ, այն, թե ինչպես է առողջ երեխան հատուկ կարիքներ ունեցողներին վերաբերվում, լիովին ծնողներից է կախված: Երեխան կարող է ըմբռնումով մոտենալ, եթե տանն իրեն այդպես են սովորեցրել, եւ կարող է վախենալ կամ խիստ բացասական վերաբերմունք դրսեւորել, եթե ծնողների մոտ նմանատիպ օրինակ է տեսել:
Նունե Աղասյանի կարծիքով, խնդիրներ ունեցող երեխաների հետ շփումը կարող է բավականին օգտակար լինել առողջ երեխաների համար եւ նրանց մեջ հոգատարություն, բարություն ու տոլերանտություն սերմանել: Նրանք կարող են հասկանալ, որ չի կարելի դատել նմանատիպ մարդկանց, այլ, փոխարենը, պետք է ընդունել այնպիսին, ինչպիսին որ կան:
Այդ բոլոր հատկություններն օգտակար կլինեն երեխային՝ նրա հետագա կյանքում, քանի որ, հոգեբանի խոսքով, երբ մեծ աշխարհ դուրս գան, տարատեսակ մարդկանց են հանդիպելու, որոնց թվում կարող են նաեւ հատուկ կարիքներ ունեցող մարդիկ լինել: Այդ պատճառով, ավելորդ խնդիրներից զերծ մնալու համար, շատ կարեւոր է, որ երեխայի մեջ փոքր տարիքից բարություն, հասկանալու եւ օգնելու ցանկություն սերմանվի: Եւ այդ ամենն առաջին հերթին ծնողները պետք է անեն՝ իրենց իսկ օրինակով ցույց տալով, թե ինչպես է պետք վարվել ավելի թույլ մարդկանց հետ, ինչպես է պետք օգնել, հասկանալ նրանց:
Հոգեբանը նշել է, որ իր երեխան նույնպես ներառական մանկապարտեզ է հաճախում, սակայն նրա մոտ երբեւէ հարցեր չեն ծագել այն մասին, թե ինչու են որոշ երեխաներ տարբերվում մյուսներից: Փոքրիկին սովորեցրել են, որ հատուկ պահանջներ ունեցող երեխան «յուրահատուկ է, բայց, բոլորի նման էլ, իր դրական ու բացասական կողմերն ունի»:
«Ցանկացած ընտանիքում կարող է հատուկ կարիքներ ունեցող երեխա ծնվի: Ոչ ոք ապահովագրված չէ դրանից, այնպես որ եկեք ավելի բարի ու մեծահոգի լինենք, փորձենք դիմացինին ընդունել այնպիսին, ինչպիսին որ կա: Սա շատ կարեւոր է», - ամփոփել է հոգեբանը:






