Արժե՞ արդյոք ապագա ամուսնուն նախկինում իրականացված պլաստիկ վիրահատությունների մասին պատմել, եթե դրանք կնոջն ավելի գեղեցիկ են դարձրել: Հարցի շուրջ NEWS.am Medicine-ի թղթակիցը պլաստիկ վիրաբույժ, ՀՀ պլաստիկ վիրաբուժության ասոցիացիայի նախագահ Արմեն Հովհաննիսյանի հետ է զրուցել:
Մասնագետի կարծիքով, ամեն ինչ կոնկրետ ընտանիքից է կախված: Եթե ամուսինն ադեկվատ մարդ է, իհարկե, արժե պատմել, եւ նա ամեն ինչ կհասկանա: Սակայն եթե կինը համոզված չէ, որ ամուսինը կարող է նախկինում իրականացված վիրահատությունների իմաստն ու պատճառը ճիշտ ընկալել, այդ պարագայում գուցե ավելի ցանկալի կլինի լռել, որպեսզի ընտանիքում խնդիրներ եւ վեճեր չծագեն:
Սակայն, Արմեն Հովհաննիսյանի խոսքով, վիրահատությունների միջոցով արտաքինն ամբողջովին փոխելը միայն ֆիլմերում է հնարավոր, իսկ իրական կյանքում կարելի է միայն դեմքի կամ մարմնի այս կամ այն մասը շտկել, եւ ոչ՝ մարդուն անճանաչելի դարձնելու չափ փոխել: Պլաստիկ վիրաբույժի խոսքով, ոչնչից հնարավոր չէ գեղեցկություն ստանալ, այնպես որ վիրահատության շնորհիվ գեղեցկացած կինն իրականում պետք է դրա համար բոլոր նախադրյալներն ունենար:
Հիշեցնենք, որ վերջերս համացանցում մի ընտանիքի մասին պատմություն էր լայն տարածում ստացել, որտեղ կինը լիովին փոխել էր արտաքինը՝ ամուսնուն հանդիպելուց առաջ: Նրանց մոտ տգեղ երեխաներ էին ծնվել, եւ ամուսինը, տեղեկանալով, որ զուգընկերն իր գեղեցկությունը պլաստիկ վիրահատությունների օգնությամբ է ձեռք բերել, ամուսնալուծվելու ցանկություն էր հայտնել:






