Հայաստանի հանրապետության ողջ տարածքում աղիքային հիվանդության համաճարակ չի արձանագրվել:  Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունից։

Համաձայն հաղորդագրության, վերջին օրերին միակ աղիքային տեղային բռնկումը գրանցվել էր Քաջարանում, որն արդեն մարվել է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ աղիքային սինդրոմ ախտորոշմամբ վերջին 2-3 օրերին Կապանի բժշկական կենտրոն է ընդունվել 16 հոգի: Քաջարանից տեղափոխվել է 7 մեծահասակ եւ 6 երեխա, եւս 3 մեծահասակ էլ տեղափոխվել է Կապանից: Տեղափոխված անձանց մոտ առկա էր թուլություն, մրսածության, մարսողության խանգարում, թեթեւ փորլուծություն, ջերմություն:

Տեղեկատվության տարածումից հետո ԱՆ հաղորդել էր, որ նախարարության մասնագետների կողմից անմիջապես կազմակերպվել եւ իրականացվել են դեպքերի եւ օջախների համաճարակաբանական  հետազոտություն, բակային համայցեր:

Քաջարանի ստացիոնար  նմուշառման  կետերից  մանրէաբանական հետազոտության  համար  կատարվել  է  խմելու  ջրի  12 նմուշառում եւ  առաջնային  ցանցում մնացորդային  քլորի  որոշում:

Հետազոտության պահին ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել, սակայն դեպքերի՝ քաղաքում տարածվածությունը, տարբեր տարիքային խմբերում եւ միաժամանակյա ի հայտ գալը, նախանշում են, որ հիվանդությունների առաջացման հավանական գործոն կարող են հանդիսանալ միամոմենտ աղտոտված խմելու ջուրը կամ սննդային գործոնը: