Վերջին տասնամյակների ընթացքում ամբողջ աշխարհում նկատվում է շաքարային դիաբետով հիվանդացության աճ: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետների, վերջին 40 տարիների ընթացքում այս ախտորոշմամբ մարդկանց թիվը 108 միլիոնից հասել է 422 միլիոնի: Այսօր գրեթե բոլորն ունեն շաքարախտ ունեցող հարազատ կամ ծանոթ: «Չեմպիոնատը» խոսել է հիվանդության հետեւանքների մասին, որոնք այնքան էլ տեսանելի չեն։

Շաքարախտի նենգությունն այն է, որ արյան մեջ գլյուկոզայի մակարդակը չվերահսկելու դեպքում բարդություններն աստիճանաբար են զարգանում։ Եվ դրանք կարող են անտեսանելի լինել հիվանդի համար մի քանի տարի: Ընդ որում, մարդուն իրականում ոչինչ չի անհանգստացնում, ինչը նշանակում է, որ հետազոտության եւ բուժման պատճառներ չկան։

Առաջին հերթին ախտահարվում են աչքերը, երիկամները, նյարդային համակարգը եւ սիրտը։

Վատանում է տեսողությունը

Այս գործընթացը կոչվում է դիաբետիկ ռետինոպաթիա՝ տեսողության նվազում՝ աչքերի ցանցաթաղանթի ախտահարման պատճառով:

Նվազում է զգայունությունը

Շաքարախտով հիվանդների մոտ նյարդային հաղորդունակությունը խախտվում է, այսինքն՝ նվազում է ընդհանուր զգայունությունը։

Խախտվում է երիկամների աշխատանքը

Երիկամները եւ օրգանիզմի ամբողջ դետոքս-համակարգը սկսում է ավելի վատ աշխատել: Սա հանգեցնում է քնկոտության, հոգնածության մշտական զգացողության, այտուցների եւ այլ տհաճ ախտանիշների։

Վերքերը երկար են ապաքինվում

Շաքարային դիաբետը կարող է հանգեցնել վարակիչ բարդությունների: Օրգանիզմի համար ավելի դժվար է վերքը արագ բուժելը, հատկապես, եթե այնտեղ մանրէներ են ներթափանցել։ Դրա պատճառով հաճախ առաջանում են մաշկի թարախային ախտահարումներ, իսկ կտրվածքները սովորականից երկար են ապաքինվում:

Մի զբաղվեք ինքնախտորոշմամբ եւ ինքնաբուժմամբ։ Միայն բժիշկը կարող է կոնկրետ ախտորոշում անել՝ անհրաժեշտ անալիզներ կատարելուց հետո։

Շաքարախտն առաջին հերթին ապրելակերպի հիվանդություն է։ Ցավոք, դա անհնար է բուժել, բայց ախտորոշմամբ միանգամայն հնարավոր է ապրել։ Գլխավորն այս դեպքում գիտակցության եւ մոտիվացիայի բարձր մակարդակն է։ Անհրաժեշտ է վերահսկել գլյուկոզայի մակարդակը եւ պահպանել այն օպտիմալ արժեքներում, դա կնվազեցնի բարդությունների ռիսկը: