Կապիկի ծաղիկը հայտնաբերվել է ԱՄՆ բոլոր 50 նահանգներում, հայտնում է ABC News-ը՝ վկայակոչելով առողջապահության ոլորտի պաշտոնյաներին։
Վայոմինգը դարձել է վերջին նահանգը, որը երկուշաբթի օրը հայտնել է հիվանդության դեպքի մասին:
Վայոմինգի Առողջապահության դեպարտամենտը հայտարարել է մեծահասակ տղամարդու դեպքի մասին Լարամի շրջանում, որի մեջ մտնում է նահանգի մայրաքաղաք Շայենը:
Առողջապահության ոլորտի ներկայացուցիչները ներկայումս պարզում են, թե արդյոք այլ բնակիչների մոտ առկա է կապիկի ծաղիկով վարակվելու մեծ ռիսկ՝ հնարավոր անմիջական շփման պատճառով:
Այն ժամանակվանից, երբ Մասաչուսեթսում մայիսի կեսերին առաջին պացիենտի մասին հայտարարվեց, երկուշաբթի օրվա դրությամբ ամբողջ երկրում գրանցվել է վարակի ավելի քան 14 100 դեպք, ցույց են տալիս Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների տվյալները:
Ներկայումս վարակման ամենաշատ դեպքերը՝ ավելի քան 2700, գրանցվել են Նյու Յորքում, որին հաջորդում են Կալիֆոռնիան, Ֆլորիդան, Տեխասը եւ Ջորջիան:
Դաշնային առողջապահական գործակալության տվյալներով՝ անցած ամսվա ընթացքում գրանցված դեպքերի օրական թիվը երկրաչափական պրոգրեսիայով է աճել՝ մեկ ամիս առաջ օրական 97-ից մինչեւ օգոստոսի 10-ի դրությամբ օրական ավելի քան 1300:
Այս բռնկման դեպքերի մեծ մասը տեղի է ունեցել ոչ ավանդական սեռական կողմնորոշման տղամարդկանց ինտիմ շփումների հետեւանքով։
Առնվազն հինգ դեպք է գրանցվել երեխաների եւ առնվազն մեկ դեպք հղի կանանց շրջանում:
Երկու շաբաթ առաջ ԱՄՆ Առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարարությունը բռնկումը հայտարարել է հանրային առողջապահության արտակարգ իրավիճակ:
Առողջապահության ոլորտի պաշտոնյաները բոլորին, ովքեր վարակվել են կամ կարծում են, որ վարակվել են կապիկի ծաղիկով, կոչ են անում ստանալ Jynneos պատվաստանյութը, որը հաստատված է ԱՄՆ Սննդամթերքների եւ դեղերի վարչության կողմից՝ ինչպես ծաղիկի, այնպես էլ կապիկի ծաղիկի դեմ:






