Օգոստոսին Հայաստանում աղիքային վարակի բռնկում չի եղել, իսկ հունիսին եւ հուլիսին գրանցվել է սննդային գործոնի հետ կապված աղիքային վարակի ընդամենը երեք բռնկում։ Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի համաճարակաբան Ներսես Գրիգորյանը։

Նա պարզաբանեց, որ երեք դեպքից երկուսը գրանցվել են Կոտայքի մարզի դպրոցականների շրջանում. մի դեպքը տեղի է ունեցել էքսկուրսիայի ժամանակ, երկրորդը՝ սննդի օբյեկտում։

Գրիգորյանը վստահեցրեց, որ այս պահին երկրում իրավիճակը վերահսկման տակ է։

Համաճարակաբանը տեղեկացրեց, որ ամառվա ընթացքում ավելի ինտենսիվ աշխատանքներ են տարվում եւ քաղաքացիներին կոչ է արվում  հետեւել անձնական հիգիենայի կանոններին, ուտելուց առաջ բանջարեղենն ու միրգը լվանալ, փողոցային վաճառողներից սնունդ չգնել։

«Ամառային շրջանում աղիքային ինֆեկցիայի հետեւանքով առաջացող հիվանդությունների թիվն ավանդաբար ավելանում է, թեեւ այս ամառ անցած տարվա ամռան համեմատ մի փոքր նվազում է նկատվում։ Մենք մշտապես ջրի որակի լաբորատոր հետազոտություններ ենք անցկացնում Երեւանում եւ մարզերում։ Անհանգստանալու պատճառ չկա, ջուրն անվտանգ է, համապատասխանում է անվտանգության որակի պահանջներին։ Ջրի պատճառով աղիքային վարակների աճ չկա»,- ընդգծեց նա։