Հայաստանում 2013 թվականի ընթացքում ակնաբուժության բնագավառում եղել են ինչպես լավ այնպես էլ վատ նորություններ:Այս մասին դեկտեմբերի 20-ին ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի հանրապետության գլխավոր ակնաբույժ,  «Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի» տնօրեն, բժշկական գիտույունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը:

«Բայց ավելի շատ բարին էր, քան չարը, մենք ունենք նվաճումներ»,- նշեց Մալայանը: Ինչ վերաբերում է ուսուցմանը, ապա այն բավականին լավ է ընթանում, ներկա պահին մեծ թվով ուսանողներ կան, ում հետագայում կարելի կլինի վստահել աչքերը: Հայ մասնագետներն աստիճանաբար դառնում են ավելի պրոֆեսիոնալ, քանի որ զարգանում է ամեն-ինչ, սկսած մեր տեխնոլոգիաներից, վերջացրած մտահաղացումներով ու վերաորակավորումներով:

Այսօրվա դրությամբ փոխվում է հիվանդ – բժիշկ փոխհարաբերությունը, քանի որ մարդիկ սկսել են ավելի շատ վստահել մասնագետներին:Մալայանի կարծիքով, դա ոչ միայն գովազդի շնորհիվ է, այլ հենց բժիշկների, ովքեր սկսել են հիվանդներին վերաբերվել ավելի մեծ հոգատարությամբ եւ մեծ ըմբռնումով: Ակնաբույժն ընդգծեց, որ հիվանդի վստահությունը չի կարող չուրախացնել բժշկին, եւ ավելացրեց, որ յուրաքանչյուր մասնագետ պետք է աշխատի Հիպոկրատի սկզբունքով. «մենք երեքով ենք՝ բժիշկ, հիվանդ եւ հիվանդություն»: « Եթե բնակչությունը չվստահի բժշկությանը, ապա այն չի կարող զարգանալ»,- նշեց Մալայանը, ավելացնելով, որ մարդիկ պետք է վստահեն բժիշկներին:

Այսօր Հայաստանում, ամերիկյան ընկերության հետ համատեղ, բուժում են գլաուկոման՝ կիառելով ներակնային ճնշումը վաղ շրջաններում հայտաբերող նորագույն մեթոդներ: «Հիմա, գլակուկոմայի բուժման համար, մենք մեծ հաջողությամբ դրենաժ ենք կիրառում»,- ընդգծեց ակնաբույժը, ավելացնելով, որ 2013 թվականի ընթացքում գլաուկոմայից անվճար բուժվել են 85 մարդ, իսկ ընդհանուր հիվանդների թիվը կազմել է  900 մարդ: Ցանկացած մարդ պետք է ժամանակին դիմի ակնաբույժի, որպեսզի նրա մոտ հետագայում չառաջանան բարդություններ, որոնք կարող են կուրության պատճառ դառնալ: 

Ինչ վերաբերում է կարճատեսությանը, ապա այս խնդրով բժշկին դիմողների թիվը աճել է: « Մենք հիմա կարողանում ենք վիրահատել 14-16  դիոպտրիայի սահմաններում գտնվող կարճատեսությունը,  մինչեւ 8-10  դիոպտրիա հեռատեսությունը եւ 5-6 դիոպտրիայի աստիգմատիզմը»,- ընդգծեց Մալայանը:

Պատասխանելով NEWS.am Medicine –ի այն հարցին, թե հնարավոր է մոտ ժամանակներս Հայաստան ներմուծվեն տեսողության բուժման  եւ շտկման համար անհրաժեշտ նորագույն տեխնոլոգիաներ, Ալեքսանդր Մալայանը պատասխանեց, որ այսօր Հայաստանում գործնականում արվում են աշխարհում կատարվող բոլոր խոշոր և բարդ ակնաբուժական վիրահատությունները: «Կարող է մյուս երկրներում բուժքույրերը ավելի լավն են, մանրադիտակները՝ 2013 թվականի, իսկ մեզ մոտ՝ ավելի հին, բայց այսօր մենք հասել ենք այն մակարդակին, որ առողջապահության նախարարությունը ոչ ոքի պաշտոնապես չի ուղարկում արտերկիր, մասնագետները իրենք են գալիս մեզ մոտ»,- նշեց Մալայանը: «Այսօր շատ կարևոր է բարձրացնել  հիվանդանոցի միջին բուժանձնակազմի մակարդակը, իսկ սալիկներն եւ եվրոնորոգումը անցնում են երկրորդ պլան», - ասաց նա։