Աշխարհում գրանցվել է կապիկի ծաղիկի ավելի քան 50 000 դեպք, ցույց են տվել ԱՀԿ-ի վերջին թվերը, ընդ որում վիրուսի փոխանցումը դանդաղում է Եվրոպայի եւ ԱՄՆ-ի թեժ կետերում, տեղեկացնում է Medical Xpress-ը:

Ընդհանուր առմամբ, ԱՀԿ-ի տվյալներով, աշխարհում հայտնաբերվել է հիվանդության 50 496 դեպք եւ 16 մահ։

ԱՀԿ-ի ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեեսուսը հայտարարել է, թե վարակման նոր դեպքերի թվի նվազումը վկայում է այն մասին, որ բռնկումը հնարավոր է դադարեցնել։

«Հյուսիսային եւ հարավային Ամերիկայում, որոնց բաժին է ընկնում գրանցված դեպքերի կեսից ավելին, վարակների թիվը շարունակում են աճել մի քանի երկրներում, չնայած Կանադայում նվազման կայուն միտումը հուսադրող է»,- ասել է նա մամուլի ասուլիսում:

«Որոշ եվրոպական երկրներում, ներառյալ Գերմանիան եւ Նիդեռլանդները, նույնպես դիտարկվում է բռնկման տեմպերի հստակ դանդաղում, ինչը վկայում է հանրային առողջապահության միջոցառումների արդյունավետության մասին: Այս նշանները հաստատում են այն, ինչ մենք ի սկզբանե անընդհատ ասել ենք՝ ճիշտ միջոցառումների դեպքում կարելի է դադարեցնել բռնկումը»,- հավելել է ԱՀԿ ղեկավարը։

Կապիկի ծաղիկով վարակման դեպքերի թվի աճը մայիսի սկզբից գրանցվել է աֆրիկյան երկրներից դուրս, որտեղ այն վաղուց էնդեմիկ է համարվում:

Հուլիսի 24-ին ԱՀԿ-ն հայտարարել է տագնապի ամենաբարձր մակարդակ՝ այն դասակարգելով որպես հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակ, որը միջազգային նշանակություն ունի՝ COVID-19-ի հետ մեկտեղ:

«Կապիկի ծաղիկը վերացնելու համար անհրաժեշտ է երեք բան՝ ապացույց, որ դա հնարավոր է, ինչը մենք այժմ սկսում ենք տեսնել, քաղաքական կամք եւ հանձնառություն, եւ հանրային առողջապահության միջոցառումների իրականացում այն համայնքներում, որոնք դրանց կարիքն ամենաշատն ունեն։ Մենք չպետք է ապրենք կապիկի ծաղիկի հետ»,- ասել է դոկտոր Գեբրեեսուսը: