Կորոնավիրուսի գրեթե անհետացումից հետո՝ COVID-19-ի տարածումը զսպելու միջոցառումների ֆոնին Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնները (ՀՎԿ) այժմ բժիշկներին կոչ են անում զգոն լինել` կապված D68 կամ EV-D68 էնտերովիրուսի՝ երեխաների մոտ վիրուսային վարակի նոր ալիքի հետ, որը կարող է կաթվածի հազվագյուտ ձեւ առաջացնել։
Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների տվյալներով՝ հուլիս եւ օգոստոս ամիսներին հիվանդանոցներում գրանցվել է D68 էնտերովիրուսով վարակման դեպքերի աճ։ Թիվն ամենաբարձրն է եղել 2018 թվականից ի վեր, երբ ՀՎԿ-ն հետեւել է այդ վիրուսով ամառային եւ աշնանային վարակների վերջին ալիքին:
Շատ երեխաներ վարակվում են D68 էնտերովիրուսով վաղ տարիքում եւ վատագույն դեպքում ունենում են միայն մի շարք մեղմ մրսածության ախտանիշներ, ինչպիսիք են քթից արտադրությունը եւ հազը:
Բայց որոշ երեխաներ, հատկապես նրանք, ովքեր ունեն այնպիսի հիմնական հիվանդություններ, ինչպիսին է ասթման, ծանր ախտանիշների զարգացման ավելի բարձր ռիսկի են ենթարկված:
Վարակված երեխաների մի փոքր մասի մոտ զարգանում է նաեւ հազվագյուտ բարդություն, որը հայտնի է որպես սուր թույլ միելիտ, որը կարող է հանգեցնել մկանային թուլության եւ կաթվածի՝ նման պոլիոմելիտի առաջացրած կաթվածին, բայց ավելի քիչ հանդիպող:
Մոդելավորումը ենթադրում է, որ «իմունիտետի բացը» այն երեխաների մոտ, որոնք նախկինում վարակված չեն եղել, այժմ կարող է բարձրացնել D68 էնտերովիրուսի խոշոր բռնկման վտանգը:
Անցյալ տարի Եվրոպայում գիտնականները նաեւ մտահոգություն են հայտնել D68 էնտերովիրուսով վարակների վերսկսման մասին այն բանից հետո, երբ ամբողջ մայրցամաքում COVID-19-ի հետ կապված արգելափակման միջոցառումները թուլացվել են, հաղորդում է CBS News-ը:
Էնտերովիրուսները պատկանում են վարակիչ պաթոգենների նույն ընտանիքին, ինչ պոլիովիրուսն ու պարեխովիրուսը, ինչպես նաեւ ռինովիրուսը՝ մերձավոր ազգական, որը նաեւ մրսածության ամենատարածված պատճառներից մեկն է։
D68 էնտերովիրուսը առողջապահական մարմիններին հայտնի է 1960-ական թվականներից, երբ բժիշկները հայտնաբերեցին այն Կալիֆոռնիայում հոսպիտալացված երեխաների խմբի մեջ:
Թեեւ վիրուսով առաջացած սուր թույլ միելիտի բուժման հատուկ դեղամիջոցներ չկան, բժիշկներն ունեն մի քանի դեղորայքի տարբերակներ եւ մեթոդներ, որոնք կարող են օգնել բարելավել հիվանդների կյանքը, հատկապես, եթե բուժումը վաղ փուլում սկսեն:






