Միչիգանի տոնավաճառի այցելուն խոզի գրիպի դրական թեստ է ունեցել հիվանդ կենդանու հետ շփումից հետո, տեղեկացրել են նահանգի առողջապահության մարմինների ներկայացուցիչները, գրել է Daily Mail-ը։
Նշվել է, որ պացիենտը հիվանդացել է Բերիեն օկրուգի երիտասարդական տոնավաճառ այցելությունից հետո։
Հիվանդության ախտանշանները բացահայտված չեն, բայց գիտնականները նշել են, որ H1N2 շտամը, որով նա հիվանդացել է, ավելի վտանգավոր է փոքր երեխաների եւ տարեցների համար։
Այն կարող է փոխանցվել հիվանդ խոզերից մարդկանց, բայց միայն հազվադեպ է տարածվում մարդկանց միջեւ։
Սա ԱՄՆ-ում խոզի գրիպի վեցերորդ դեպքն է այս տարի, այն բանից հետո, երբ մեկ դեպք հայտնաբերվել էր մինչեւ 18 տարեկան երեխայի մոտ Օրեգոնում, մեկը՝ Օհայոյում եւ երեքը Արեւմտյան Վիրջինիայում։ Այդ շտամը տարբերվում է H1N1 խոզի գրիպից, որի բռնկում էր տեղի ունեցել 2009թ., որը հանգեցրել էր 274 000 հոսպիտալացման եւ 12 000 մահվան միայն Ամերիկայում։
Միչիգանի առողջապահության եւ սոցիալական ապահովության դեպարտամենտի ներկայացուցիչները չեն տեղեկացրել նրա ոչ տարիքի, ոչ սեռի, ոչ որեւէ այլ հիվանդության առկայության մասին։
Հայտնի է միայն, որ պացիենտը տոնավաճառ է գնացել այս տարվա օգոստոսի 15-20-ին, իսկ վարակը հաստատվել է մոտ երեք շաբաթ հետո։
Ներկա պահին առայժմ ցուցահանդեսի հետ այլ դեպքերի կապը չի հաստատվել։
Բայց Միչիգանի տոնավաճառի այցելուներին խորհուրդ են տվել խուսափել միջոցառումներից, որոնք իրականացվելու են մինչեւ հոկտեմբեր։
Խոզի գրիպը խոզերի շրջանում տարածվում է աշնան ամիսներին, ինչը բարձրացնում է մարդկանց մեջ դրա տարածվելու հավանականությունը։
Վարակված մարդիկ սովորաբար ունենում են սեզոնային գրիպ հիշեցնող ախտանշաններ՝ տենդ, հազ, հարբուխ, մարմինը կոտրատվում է։
Բայց հիվանդությունը սովորաբար ընթանում է թեթեւ ձեւով եւ մի քանի շաբաթ հետո անցնում է ինքն իրեն։






