ԱՄՆ-ի առողջապահական պաշտոնյաները նախազգուշացնում են կապիկի ծաղիկի բուժման համար հասանելի միակ դեղամիջոցի չարաշահումից՝ ասելով, որ վիրուսի նույնիսկ փոքր մուտացիան կարող է դեղահաբերն անարդյունավետ դարձնել, հայտնում է Associated Press-ը:

Այս շաբաթ Սննդամթերքի եւ դեղամիջոցների վերահսկման վարչությունը թարմացրել է իր առաջարկությունները Tpoxx-ի համար, որը նշանակվել է վիրուսով տասնյակ հազարավոր հիվանդների:

Վարչության պաշտոնյաները նախազգուշացրել են, որ ջրծաղիկի վիրուսի մեկ մոլեկուլային փոփոխությունը կարող է մեծ ազդեցություն ունենալ Tpoxx-ի հակավիրուսային ակտիվության վրա: Քանի որ վիրուսները մշտապես զարգանում են՝ վարակի խոչընդոտները հաղթահարելու  համար, այդ թվում՝ դեղամիջոցները, կարգավորիչները շեշտել են, որ բժիշկները պետք է «խոհեմ» լինեն դեղ նշանակելիս:

Ընդ որում, Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը հինգշաբթի հայտարարել է, որ Tpoxx դեղամիջոցն առողջ մեծահասակներին այլեւս չպետք է նշանակվի, ովքեր ծանր ախտանիշներ չունեն։ Tpoxx-ը հաստատվել է հարակից ջրծաղիկի վիրուսի բուժման համար, եւ դրա օգտագործումը կապիկի ծաղիկի դեմ փորձարարական է համարվում եւ խստորեն վերահսկվում է դաշնային պաշտոնյաների կողմից:

Բժիշկները, ովքեր ցանկանում են նշանակել այդ դեղամիջոցը, պետք է դիմում ներկայացնեն Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոն՝ փաստաթղթավորելով իրենց հիվանդի կարիքը եւ համաձայնելով վերահսկել բուժման արդյունքները եւ ցանկացած կողմնակի ազդեցություն:

Հինգշաբթի դաշնային պաշտոնյաները զգուշավոր լավատեսություն էին հայտնել բռնկման հետագծի վերաբերյալ՝ նշելով, որ նոր դեպքերի թիվը նվազել է մոտ 50 տոկոսով օգոստոսին գագաթնակետին հասնելուց հետո:

Երկրի գլխավոր վարակաբան բժիշկ Էնթոնի Ֆաուչին նշել է, որ հակավիրուսային դեղամիջոցներ օգտագործելիս միշտ դիմադրողականության ռեզիստենտության առաջացման վտանգ կա։

Նա հավելել է, որ վերջերս մեկնարկած Tpoxx հետազոտությունը՝ Առողջապահության ազգային ինստիտուտի աջակցությամբ, մուտացիաների նշաններ կփնտրի, որոնք կարող են ռեզիստենտության հանգեցնել: Ակնկալվում է, որ հետազոտությանը կմասնակցի ավելի քան 500 հիվանդ ԱՄՆ 60 կլինիկաներում։