Երեւանում բազմաֆունկցիոնալ հիվանդանոց կառուցելու ծրագրի նախնական հարցեր են քննարկել Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը եւ նախաձեռնության հեղինակներ՝ Հռոմի Տոր Վերգատա համալսարանի ռեկտոր, նույնանուն հիմնադրամի նախագահ Ռենատո Լաուրոն, «Անաբասիս» հիմնադրամի նախագահ Ռիկարդո Ակվիլան եւ հիմնադրամի անդամ Անտոնելլա Կատանին։
Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին՝ տարածաշրջանում նախատիպը չունեցող նման առողջապահական կառույցի հիմնումը հենց Երեւանում նախատեսելու համար եւ վստահեցրել, որ Երեւանի քաղաքապետարանը, հանձին քաղաքապետ Տարոն Մարգարյանի, պատրաստակամ է լիազորությունների սահմաններում այսուհետ եւս աջակցել ծրագիրը կյանքի կոչելուն։
«Հիվանդանոցին տարածք հատկացնելու ձեր դիմումին Երեւանի քաղաքապետն արձագանքել է անմիջապես. հիվանդանոցին հատկացված՝ ձեզ արդեն հայտնի տարածքը, որը գտնվում է Երեւանի Սիլիկյան թաղամասում, մեր քաղաքի հեռանկարային զարգացման վայրերից է. այս տարածքը Երեւանի հետ կապված է մի քանի ճանապարհային ենթակառուցվածքներով, ինչպես նաեւ մոտ է կառուցվելիք Հյուսիս-հարավ ավտոմայրուղուն»,- ներկայացրել է Դավիթ Օհանյանը եւ հավելել, որ քաղաքապետարանը պատրաստ է նաեւ քննարկել լրացուցիչ առաջարկությունները՝ ստանալու համար այն փայլուն արդյունքը, որը նախատեսվել է։
Բազմաֆունկցիոնալ հիվանդանոցը մասնագիտացած է լինելու նաեւ հաշմանդամություն ունեցող երեխաների հատուկ սպասարկման գծով։
«Հատկացված տարածքը հնարավորություն է տալիս լավագույնս իրականացնել ծրագիրը։ Այս ճանապարհին մեզ համար շատ կարեւոր է համագործակցությունը Երեւանի քաղաքապետարանի հետ, ինչպես նաեւ ձեր խոստումնալից պատրաստակամությունը՝ աջակցել ծրագրի իրականացմանը»,- նշել են «Անաբասիս» հիմնադրամի նախագահ Ռիկարդո Ակվիլան եւ հիմնադրամի անդամ Անտոնելլա Կատանին։
Դավիթ Օհանյանն առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ՝ ծրագրի քննարկումն առավել արդյունավետ իրականացնելու համար։






