Մենք ուզում էինք, որ Հայաստանում պացիենտը բժշկին դիմելիս վստահ լինի, որ կստանա նույնպիսի ծառայություններ, ինչպիսին կարող է ստանալ զարգացած երկրներում։ Սա մեր հիմնական երազանքն էր, այսօր՝ հոկտեմբերի 29-ին, «Բուժում է Վարդանանցը» գրքի շնորհանդեսի ժամանակ ասաց «Վարդանանց» նորարարական բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Հարություն Մանգոյանը։
Գիրքը կլինիկական ուղեցույցների հավաքածու է, որը նախատեսված է առողջության պահպանման առաջնային օղակի բժիշկների համար, եւ պարունակում է 137 գործելակարգ ամենօրյա պրակտիկայում առավել հաճախ հանդիպող հիվանդությունների վերաբերյալ: Գիրքը ստեղծվել է «Վարդանանց» կլինիկայի բժիշկների ջանքերով, ովքեր թարգմանել եւ ադապտացրել են միջազգային ուղեցույցները ապացուցողական բժշկության աշխարհահռչակ շտեմարաններից, ինչպես նաեւ փորձարկել են դրանք սեփական պրակտիկայում։
«Մենք շատ էինք ուզում նաեւ մեր գործընկերների հետ նույն լեզվով խոսել եւ վիճելի հարցեր քննարկելիս հղում անել ոչ միայն մեր անձնական, այլեւ միջազգային փորձին»,- ասաց Հարություն Մանգոյանը։
Նա նշեց, որ «Վարդանանց» –ում այս ուղեցույցների ներդրման ճանապարհը հեշտ չի եղել, բայց եղել է այն գիտակցությունը, որ դրանց հետեւելը պաշտպանում է բժշկին, իսկ պացիենտին վստահություն է տալիս, որ նրա համար հնարավոր ամեն ինչ արվում է։
Լրագրողների հետ զրույցում Հարություն Մանգոյանը նշեց, որ միջազգային փորձն ընդօրինակոլու համար իրենց թիմը մշակել է հատուկ ձեւաչափ, առանց որի այդ նյութերը զուտ տեսական բնույթ կկրեին։ «Մենք փորձել ենք ստեղծել գիրք-գործընկեր՝ շատ տեղեկատվական եւ վստահելի, որպեսզի պացիենտի այցի ժամանակ, երբ նա սկսում է խոսել իր գանգատների մասին, բժշկի գլխում արդեն ձեւավորվեն իր հաջորդ քայլերը՝ սկսած նրանից, թե ինչ հարցեր տալ պացիենտին՝ վերջացրած նրանով, թե ինչ բուոժում նշանակել»,- ասաց նա։
ՆԲԿ–ի գլխավոր տնօրենը հավելեց, որ գիրքը «Վարդանանց»-ի կողմից իրականացվող մեծ ծրագրի մասն է։ Նրանք ուսումնասիրել են, թե Հայաստանում քանի ախտորոշում է կատարվում առաջնային օղակում, հաշվել են դրանց թիվը՝ մոտ 750-800 ախտորոշում։ Եվ որոշվել է այս բոլոր ախտորոշումների համար մշակել կարճ գործելակարգեր։ «Այս գրքում ներառվել է 137 գործելակարգ, սակայն աշխատանքը շարունակվում է, եւս 120-ը պատրաստ է: Հետագայում մենք որոշում կընդունենք՝ կհրատարակվի արդյոք եւս մեկ նման գիրք, թե կտեղադրենք էլեկտրոնային տարբերակով, ինչը կհեշտացնի դրանք թարմացնելու հնարավորությունը»,- ասաց նա:
Հարություն Մանգոյանի խոսքով, գրքում նյութեր են հավաքված առաջնային օղակի բոլոր մասնագետների՝ թերապեւտի, նյարդաբանի, գինեկոլոգի և այլոց համար, կա նաև մեծ մանկաբուժական բաժին։

«Վարդանանց» կլինիկայի մանկաբուժական բաժանմունքի վարիչ Անահիտ Ղուկասյանը լրագրողներին պատմեց, որ կլինիկայի մանկաբուժական թիմը փորձել է խորհրդատվություններ կազմել իրենց պրակտիկայում ամենատարածված հիվանդությունների վերաբերյալ, եւ այդ աշխատանքը կշարունակվի։ «Ի՞նչ է իրենից ներկայացնում գիրքը եւ ինչպե՞ս է այն շարադրված։ Սա քայլերի հաջորդականություն է, որը բժշկին տանում է դեպի ճիշտ ախտորոշում եւ ճիշտ բուժում: Գրքի նպատակը բժշկական սպասարկման միատեսակ որակ ապահովելն է, որպեսզի պացիենտը, անկախ նրանից, թե որ բժշկին է դիմում, նույն բուժօգնությունը ստանա»,- ասաց նա։
Առողջապահության ազգային ինստիտուտի ընտանեկան բժշկության ամբիոնի վարիչ Սամվել Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս գիրքը համարում է շատ կարեւոր ձեռքբերում, քանի որ նախկինում հայերեն թարգմանված այսպիսի նյութեր չեն եղել։ Ըստ նրա, գիրքը շատ արդիական է, քանի որ դրանում ներառված են 2021 թվականին թարմացված վերջին ուղեցույցները։ «Եթե մտնեք առողջապահության նախարարության կայք, ապա ձախ կողմում կտեսնեք ուղեցույցների պատուհանը, եւ մտնելով՝ կտեսնեք, որ այնտեղ ուղեցույցներ կան։ Բայց նախ՝ դրանք շատ քիչ են, եւ երկրորդ՝ այդ ամենն անելը ծախսատար է, եւ, փաստորեն, «Վարդանանց» բժշկական կենտրոնը իր վրա է վերցրել ծախսերը ու ստեղծել է ուղեցույցներ իր բժիշկների համար, բայց մյուս բժիշկները նույնպես կարող են դրանցից օգտվել»,- ասաց նա։

Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ սա մեծ քայլ է առաջնային օղակում, որն այսօր առավել խոցելիներից է, ապացուցողական բժշկության ներդրման առումով։ Եվ իրենք կփորձեն այս ուղեցույցները կիրառել Երեւանի պոլիկլինիկաներում։ Նա հավելեց, որ այժմ առաջնային օղակում խորքային փոփոխություններ են կատարվում, որոնք ներառում են նաեւ մասնագիտական պատրաստումը։
Շնորհանդեսին հրավիրված էին առաջնային օղակի բժիշկները, որոնք «Բուժում է Վարդանանցը» գիրքը նվեր ստացան։ Շնորհանդեսի ժամանակ նրանց սպասվում էր եւս մեկ անակնկալ՝ 1 մլն դրամի մասնագիտական պատասխանատվության ապահովագրության վկայագիր «Ինգո Արմենիա» ընկերությունից։







