Երևանում կանցկացվի վարպետաց դաս գինեկոլոգիական ՈՒՁՀ վերաբերյալ։ Այն տեղի կունենա նոյեմբերի 5-6–ին, Մատենադարանում, սկիզբը ժամը 09.00։

Հրավիրված դասախոսն է Անտոնիա Կարլա Տեստան՝ Ագոստինո Ջեմելլի Համալսարանական Հոսպիտալի Հիմնադրամի գինեկոլոգիական ուռուցքաբանության ուլտրաձայնի կենտրոնի (Class Ultrasound) գիտական տնօրենը։

Պրոֆեսոր Տեստան հանդիսանում է նաեւ Սուրբ Սիրտ Կաթոլիկ Համալսարանի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կլինիկայի ամբիոնի դոցենտ։ Արդեն 8 տարի է նա Մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ուլտրաձայնային հետազոտության միջազգային միության (ISUOG) խորհրդի անդամ է։ Ինչպես նաեւ 2 տարի է, ինչ հանդիսանում է Մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ուլտրաձայնային հետազոտության Իտալական միության (SIEOG) փոխնախագահ։ Ձվարանների ՈՒռուցքների Վերլուծության Միջազգային թիմի (IOTA) անդամ է 2000թ-ից։ Իրականացրել է ավելի քան 50 հետազոտական նախագծեր գինեկոլոգիական քաղցկեղի եւ քիմիաթերապիայի ուղեցույցների համար։ Նրա հետազոտությունները դրդել են առաջատար կազմակերպությունների ստեղծել ուլտրաձայնային տեխնիկա բարելավելու ուռուցքային գոյացությունների ախտորոշման եւ տարբերակման հնարավորությունները։

Ուսուցման նպատակն է՝

  • Ուսումնասիրել նոր մոտեցումներ եւ ախտորոշիչ մեթոդներ գինեկոլոգիական ՈւՁՀ–ում
  • Օգտագործել դրանք այցելուի բուժման մեջ։
  • Կիրառել ուլտրաձայնը որպես բազիսային հմտություն` կլինիկական պրակտիկայում ախտորոշում դնելու համար։
  • Ծանոթանալ պարզ եւ բարդ ռադիոլոգիական ախտաբանություններին։

Ուսուցման ձեւաչափը կազմված է 30 րոպե տեւողությամբ դասախոսություններից, ինտերակտիվ քննարկումներից, բարդ եւ հազվադեպ հանդիպող կլինիկական դեպքերի վերլուծությունից։ Կտրվի 15 ՇՄԶ կրեդիտ։