Պետական վերահսկողական ծառայության 2022 թվականի տարվա սկզբից առողջապահության ոլորտում՝ պետական առողջապահական գործակալության և հանդիպակաց 5 խոշորագույն բուժ կենտրոններում իրականացված վերահսկողական գործառույթների արդյունքում պետական բյուջե է վերականգնվել շուրջ 135 մլն դրամ։ Այս մասին այսօր, նոյեմբերի 2–ին, լրագրողներին ասաց ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը։
Նա նշեց, որ վերահսկողության արդյունքում շուրջ 13,5 մլն դրամ էլ վերադարձվել է քաղաքացիներին։
«Դրանք այն քաղաքացիներն են, որոնց բուժծառայությունների ապահովումը պետք է տրամադրվեր բացառապես պետպատվերի շրջանակում, բայց մեր որոշ բուժկենտրոններ գումարներ էին գանձել, և մեր վերահսկողության արդյունքում այդ գումարները վերադարձվել են քաղաքացիներին։ Այդ թիվը աճման միտում ունի, քանի որ 10 խոշորագույն ԲԿ–ներից ուսումնասիրություններն ավարտվել են միայն երեքում, երկուսն ամփոփման փուլում են, իսկ մնացյալ հինգից երկուսում արդեն մեկնարկել ենք ուսումնասիրությունները, վերջին երեք ԲԿ–ներում ուսումնասիրությունները հավանաբար կմեկնարկենք դեկտեմբերին, ամբողջ գործընթացը կվերջանա փետրվարի վերջին», – ասաց նա։






