2023 թվականին Առողջապահության նախարարությանը պետբյուջեից կհատկացվի շուրջ 146 մլրդ 373 մլն դրամ։ Այս գումարը կազմում է ՀՆԱ-ի մոտավորապես 1,6 տոկոսը, եւ այս ցուցանիշը չի աճել, այն մնում է նույն մակարդակում։ Նոյեմբերի 4-ին Ազգային ժողովում՝ մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում, 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։
Ըստ նրա՝ 2022 թվականին Առողջապահության նախարարության ծախսերը մինչեւ տարեվերջ կկազմեն 141 միլիարդ 435 միլիոն դրամ։ Ի սկզբանե 2022 թվականի բյուջեում ներառված էր 119 միլիարդ 696 միլիոն դրամ գումար, այսինքն՝ ակնկալվում է, որ մինչեւ տարեվերջ կծախսվի 20 միլիարդով ավելի, քան հաստատվել էր։
«Միաժամանակ 2021 թվականին առողջապահության նախարարությանը հատկացվել էր 157 միլիարդ 910 միլիոն դրամ»,- ասաց Խաչատրյանը։
Նախարարը պարզաբանեց, որ 2022-2023 թվականներին առողջապահության ոլորտի ֆինանսավորման տարբերությունը 2021 թվականի համեմատությամբ պայմանավորված է նրանով, որ 2021 թվականին մեծ ծախսեր են եղել կորոնավիրուսային վարակի բուժման համար, որոնք հետագայում սկսել են կրճատվել։
Ի դեպ, 2023 թվականին COVID-19-ի հետ կապված ծախսերի համար նախատեսվում է հատկացնել մոտ 5 մլրդ դրամ։






