Այս պահին ունենք գրիպի H1N1 վիրուսով մեկ պացիենտ, որի առողջական վիճակը բավարար է, ստանում է անհրաժեշտ բուժօգնությունը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Մենք պետք է շատ աչալուրջ լինենք, որովհետեւ գրիպի այս ենթաշտամները շատ ագրեսիվ են եւ խրոնիկ հիվանդություններով մարդկանց եւ մանկահասակ երեխաների համար կարող են շատ ծանր հետեւանքներ ունենալ: Ուստի ես եւս մեկ անգամ հորդորում, խրախուսում եմ, որ մարդիկ դիմեն պոլիկլինիկա պատվաստվելու գրիպի դեմ: Գրիպի պատվաստանյութը ներառում է հենց այս շտամի հակամարմինները եւ շատ կարեւոր է, որ այս աշնանային ընթացքում, երբ սեզոնը նոր է մեկնարկում, ունենանք պաշտպանական բավարար շերտ:

Մինչեւ 12 տարեկան երեխաներ եւ 65 տարեկանից բարձր, նաեւ խրոնիկ հիվանդություններ ունեցող քաղաքացիները պատվաստվելու առաջնահերթություն ունեն: Պատվաստումն անվճար է»,-ասաց նախարարը:

Նա նկատեց, որ պատվաստանյութը գրիպի բոլոր տեսակները չի ներառում. «Ընդհանրապես գրիպի պատվաստանյութը մշակվում է ամեն տարվա շտամների դեմ: Այս պատվաստանյութը ներառում է 4 շտամի դեմ հակամարմիններ, որոնք այս տարվա շրջանառվող շտամներն են»,-ասաց Ավանեսյանը: