Զազրելի դեպք՝ որը իմ պատկերացմամբ, խուլիգանություն ու խմբակային հարձակում է մանկական հիվանդանոցի վրա․․․ Այսպիսի գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում Մխիթար Հերացու անվան Բծշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։

«Հայաստանում՝ հերթական անգամ, բուժհաստատությունում բռնություն են կիրառել բժշկի և անվտանգության աշխատակցի նկատմամբ։

Անընդունելի է ու անմարդկային, երբ մարդը ձեռք է բարձրացնում բժշկի վրա` իր մասնագիտական առաքելությունն իրականացնելու պահին․․․

Շնորհակալ եմ մեր բժշկուհուն, ով հավատարիմ մնալով իր կոչմանը, անգամ բռնությունից հետո՝ լուռումունջ շարունակեց իր մասնագիտական առաքելությունը և բուժօգնություն ցուցաբերեց փոքրիկին, ում ծնողը համարձակվել էր անթույլատրելի ու պատժելի արարք կատարել․․․

Գտնում եմ, որ ամենախիստ պատժի ու պարսավանքի պետք է ենթարկվի այս դեպքը։ Հասարակությունը պարտավոր է մերժել ու դատապարտել նման դեպքերը, իսկ իրավապահներից ակնկալում ենք օրենքի ողջ խստությամբ պատիժ։

Չմոռանանք, որ արարքի պատճառած բարոյական վնասը ոչ միայն բժշկին է, այլև մեր ողջ հասարակությանը։ Նմանատիպ երևույթներն անառողջ, փոխադարձ անվստահության մթնոլորտ են ստեղծում։

Հ․Գ․ Թուրք փաշան իր աղջկա կյանքը փրկած բժիշկ Ռուբեն Սևակին ազատություն է պարգևել, չնայած բժիշկ-բանաստեղծը մերժել է...», – գրել է Արմեն Մուրադյանը։

Ինչպես տեղեկացնում է SHAMSHYAN.com–ը, այսօր՝ նոյեմբերի 16-ին, ժամը 00։35-ի սահմաններում Էրեբունի վարչական շրջանում «Մուրացան» բժշկական կենտրոնում մի խումբ անձինք հարձակվել են բժշկական կենտրոնի անվտանգության աշխատակցի վրա, ձեռքերով և ապակյա շշերով հարվածել անվտանգության աշխատակցին, ապա մտել հիվանդանոց, այնտեղ բռնություն կիրառել բժշկուհու նկատմամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ծեծի ենթարկված անվտանգության աշխատակիցը Երևանի բնակիչ 22-ամյա Ֆ․Մ․-ն է, ով ստացել է ճակատի, գլխի, քունքային և ծոծրակային շրջանի պատռված վերքեր։ Վիճաբանողներն էլ եղել են 5-7 հոգի, որոնցից մեկը Երևանի բնակիչ 35-ամյա Ա․ Գ․-ն է։

Հիվանդանոցում նշված անձինք բռնություն են կիրառել նաև բժշկուհու նկատմամբ, ում ինքնությունը նախաքննության շահերից ելնելով, այս պահին չի հրապարակվում։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում խուլիգանություն հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ։