Հակամյուլլերյան հորմոնի (ՀՄՀ) մակարդակով կարելի է կանխատեսել միջին տարիքի կանանց սրտի հիվանդությունները, պարզել են Փիտսբուրգի համալսարանի գիտնականները։ Նրանց աշխատանքի արդյունքները հրապարակվել են Journal of Clinical Lipidology-ում։

Գիտնականները մինչ այդ կարծում էին, որ սիրտ-անոթային հիվանդությունների բարձր հավանականությունը կարող է պայմանավորված լինել էստրոգենի մակարդակի նվազմամբ։ Սակայն էստրոգեններին փոխարինող թերապիան ոչ մի արդյունք չի ունեցել։ Պարզվել է, որ ՀՄՀ-ն ազդում է կանանց արյան մեջ խոլեստերինի մակարդակի վրա։

ՀՄՀ-ն հատուկ նյութ է, որը պատասխանատու է վերարտադրողական ֆունկցիայի կարգավորման համար։ Այս հորմոնը կա ինչպես կանանց, այպես էլ տղամարդկանց օրգանիզմում։ Հակամյուլլերյան հորմոնի մակարդակը կանանց օրգանիզմում թույլ է տալիս գնահատել սաղմնավորմանը նրա պատրաստ լինելը, ինչպես նաեւ կանխատեսել դաշտանադադարի ժամանակը։

Բժիշկ Էլ Խուդարիի թիմն ուսումնասիրել է 1 440 կանանց արյան նմուշները դաշտանադադարի շրջանում։ Գիտնականները պարզել են էստրոգենի եւ ՀՄՀ-ի, ինչպես նաեւ «լավ» եւ «վատ» խոլեստերինի մակարդակները։ Ինչպես պարզվել է, ՀՄՀ-ի բարձր մակարդակը պատասխանատու է եղել «լավ» խոլեստերինի մակարդակի նվազման համար, իսկ էստրոգենը իջեցրել է «վատ» խոլեստերինի մակարդակը։ Դաշտանադադարի ժամանակ կանայք կորցնում են էստրոգեն եւ ՀՄՀ, ինչը բարձրացնում է ինչպես «վատ», այնպես էլ «լավ» խոլեստերինի մակարդակը։