Կորոնավիրուսի պատվաստման եւ թեստավորման աշխատանքները շարունակվում են, հիվանդությունների թիվը նվազում է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը։
Նա տեղեկացրեց, որ պատվաստանյութերը հասանելի են ինչպես պոլիկլինիկաներում, այնպես էլ շրջիկ կետերում, այդ թվում՝ Երեւանի Հանրապետության հրապարակում, որտեղ քաղաքացիները կարող են պատվաստվել նաեւ գրիպի դեմ։ Պատվաստումն անվճար է։
Նանուշյանը նկատեց, որ վերջին շաբաթներին նկատվում է սուր շնչառական հիվանդությունների ակտիվացում։
«Դպրոցական տարիքի երեխաների շրջանում ավելանում է դասերից բացակայողների թիվը։ Իրավիճակն այս պահին վերահսկելի է մահճակալների քանակի եւ մատչելիության տեսանկյունից։ Ռիսկի խումբը ներառում է 6 ամսականից մինչեւ 12 տարեկան երեխաներ, 65 տարեկանից բարձր տարիքի մարդիկ եւ քրոնիկ հիվանդներ: 2020 թվականին գրանցվել է պատվաստումների մակարդակի նվազում, բայց հետո ցուցանիշները վերադարձել են նախկին դիրքեր։ Մինչեւ 1 տարեկան երեխաների շրջանում պատվաստումների մակարդակը հասնում է 90 տոկոսի: Մինչեւ 2025-2026 թվականը մտադիր են այդ ցուցանիշը հասցնել 95 տոկոսի»,-հավելեց նա։
Փոխնախարարը նշեց, որ աշխատանքներ են տարվում նաեւ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի շրջանակում, եւ մշակված ծրագրով քաղաքացիները պոլիկլինիկաներում կարող են անցնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, հեպատիտ B-ի, C-ի եւ սիֆիլիսի արագ թեստավորում:
«Այդ ծրագիրն իրականացվում է նաեւ մարզերում։ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հայտնաբերելիությունը բարձրացել է։ Դեպքերի մոտ 30 տոկոսը հայտնաբերվում է հենց այս ծրագրի շնորհիվ, ինչը թույլ է տալիս անվճար բուժում տրամադրել։ 2022 թվականին արձանագրվել է հայտնաբերման աննախադեպ ցուցանիշ, դեկտեմբերի 1-ի դրությամբ՝ 481 դեպք։ 2020 թվականին հայտնաբերվել է ՄԻԱՎ վարակի 9 դեպք այն երեխաների շրջանում, որոնք վարակվել են նախորդ տարիներին։ Փորձում ենք հասկանալ, թե ինչու հիվանդությունը նախկինում չի հայտնաբերվել։ Ընդհանուր առմամբ գրանցվել է ՄԻԱՎ-ի ավելի քան 40 դեպք երեխաների շրջանում»,-ասել է Նանուշյանը։
Նա ընդգծել է, որ առողջապահության նախարարությունը իրականացնում է հեպատիտ B-ի, C-ի բուժման անվճար ծրագիր: Երկու տարվա ընթացքում հեպատիտ B-ով 2500 հիվանդ ստացել է նման օգնություն: Հիվանդները կարող են դիմել եւ անվճար օգնություն ստանալ, եւ եթե նախկինում բուժումը 400 հազար դրամ էր, ապա հիմա 7-8 անգամ ավելի էժան է։ Պետությունն ամբողջությամբ անվճար բուժում է սիֆիլիսով հիվանդներին, որոնց հայտնաբերելիությունը 2-3 տարվա ընթացքում եռապատկվել է։ Ուրախալի է նաեւ, որ տուբերկուլյոզից մահացությունը կրկնակի նվազել է»,-եզրափակեց պաշտոնյան։






