Առողջության համապարփակ ապահովագրության շրջանակում կարող է սուբսիդավորման մեխանիզմ ի հայտ գալ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը։

Նա պարզաբանեց, որ 2023 թվականին կսկսվի նախապատրաստական փուլը, որի ընթացքում պետք է նախապատրաստվեն եւ ընդունվեն համապատասխան օրենսդրական եւ նորմատիվ ակտեր, հստակեցվեն մարդկանց բազաները, ապահովագրական ծածկույթը եւ բնակչության բոլոր խմբերի համար միասնական փաթեթը։ Նույն թվականին նախատեսվում է ստեղծել պետական ապահովագրական հիմնադրամ։ Կիրականացվեն բոլոր անհրաժեշտ հաշվարկները։

«Սոցիալական խմբերը (թոշակառուներ, սահմանափակ հնարավորություններով մարդիկ եւ բնակչության այլ խոցելի շերտեր) կլինեն պետության հովանու ներքո։ Ամեն տարի համակարգում կներգրավվեն նոր սոցիալական խմբեր»,-հավելեց փոխնախարարը։

Հիշեցնենք, որ Հայաստանում 2023-2027 թվականներին նախատեսվում է բնակչության առողջության բարելավման նպատակով ներդնել առողջության համապարփակ ապահովագրության համակարգ՝ որակյալ եւ մատչելի ծառայությունների միջոցով։ Համակարգում առաջարկվում է ներառել բոլոր բժշկական ծառայությունները՝ բացի ատամնաբուժությունից եւ պլաստիկ վիրաբուժությունից, նախատեսել կամավոր եւ պարտադիր մասնակցության բաղադրիչներ։ Նախատեսվում է ստեղծել ապահովագրական ենթակառուցվածք, որը թույլ կտա նույն որակով եւ մատչելիությամբ բժշկական ծառայություններ մատուցել շահառուների բոլոր խմբերի համար՝ անկախ սոցիալական վիճակից։

Ապահովագրական փաթեթի եւ ապահովագրական վճարների չափը վերջնականապես կսահմանվի 2023 թվականին՝ 2022 թվականի արդյունքների վերլուծության հիման վրա։