2022թ. դեկտեմբերի 18-ից 2023 թ. հունվարի 25-ը «Աստղիկ» բժշկական կենտրոն կայցելի ավստրալահայ անոթային վիրաբույժ Րաֆֆի Քասաբյանը, որը կիրականացնի բոլոր տեսակի անոթային խնդիրներով պացիենտների խորհրդատվություն, բուժում և վիրահատություններ, այդ թվում՝ քնային զարկերակի, կրծքային և որովայնային աորտայի, պերիֆերիկ զարկերակների բաց և ներանոթային վիրահատություններ։
«Աստղիկ» ԲԿ-ի անոթային վիրաբույժ Էդուարդ Աղիյանը NEWS.am Medicine-ին տեղեկացրեց, որ սա Րաֆֆի Քասաբյանի առաջին այցը չէ Հայաստան։ Արդեն տասը տարուց ավելի է, ինչ Քասաբյանը պարբերաբար այցելում է մեր երկիր և բարեգործական հիմունքներով վիրահատություններ անում տարբեր բժշկական կենտրոններում։ Այս այցերը, Աղիյանի խոսքով, կարևոր են ոչ միայն Հայաստանի պացիենտների, այլև բժիշկների համար, որոնց հետ Քասաբյանը կիսվում է իր փորձով և գիտելիքներով, ներմուծելով Հայաստան բժշկագիտության արևմտյան բարձրորակ չափանիշներն ու մշակույթը։ «Այն, որ այսօր Հայաստանում կան լավ անոթային վիրաբույժներ, դա նաև Րաֆֆի Քասաբյանի շնորհիվ է», - նշեց նա։
Էդուարդ Աղիյանը հայտնեց, որ ավստրալահայ բժշկի այցին ընդառաջ «Աստղիկ» ԲԿ-ում առանձնացրել են բարդ դեպքերը։ Դրանց գերակշիռ մասը կազմում են կրծքային և որովայնային աորտայի անևրիզմաները։ Անևրիզմայի հիմնական բարդությունը՝ պատռվելու վտանգն է, ինչը կանխարգելելու նպատակով, կոնկրետ ցուցումներով պայմանավորված, իրականացվում է կամ ներանոթային էնդոպրոթեզավորում, կամ՝ բաց վիրահատություն։ Բարդ դեպքերը կքննարկվեն Րաֆֆի Քասաբյանի հետ, որպեսզի գտնեն ամենաարդյունավետ լուծումը։
«Այս ամենը նաև ուսուցողական պրոցես է, նաև երիտասարդների հետ շփվելու, քննարկելու պրոցես, մշակույթ։ Մենք դիտարկում ենք վիրաբուժությունը այնպես, որ հենց այդ պահին արեցինք ու վերջ։ Այդպես չէ։ Վիրաբուժությունը սկսվում է շատ ավելի շուտ, երբ քննարկվում է և որոշում է կայացվում, և որոշում կայացնելն ամենաբարդ հատվածն է, և այդ մշակույթը կարևորագույն դեր ունի։ Բժիշկ Քասաբյանի այստեղ գտնվելու նպատակներից մեկը նաև հենց դա է՝ սովորեցնել քննարկել, քննարկման միջոցով գալ ճիշտ որոշման՝ գիտության վրա հիմնված»,- ասաց նա։
Րաֆֆի Քասաբյանը աշխատում է Սիդնեյի մի քանի հիվանդանոցներում, այդ թվում` արքայազն Ալֆրեդի թագավորական հոսպիտալում։ Նա նաև Սիդնեյի համալսարանի Կենտրոնական կլինիկական դպրոցի վիրաբուժական դասընթացի համակարգողն է, ինչպես նաև Ավստրալիայի և Նոր Զելանդիայի անոթային վիրաբույժների ասոցիացիայի անդամ։
Դոկտոր Րաֆֆի Քասաբյանը հայ փախստականների թոռ է և առաջին սերնդի ավստրալացի։ Իր հայկական ժառանգությամբ առաջնորդվելով՝ Րաֆֆին պարբերաբար այցելում է Հայաստան՝ անոթային վիրաբուժական օգնությունը զարգացնելու համար տրամադրելով բարեգործական ծառայություններ։
Բժիշկ Քասաբյանի մոտ խորհրդատվության գրանցվելու համար զանգահարեք 011 66 77 88 հեռախոսահամարով։






