Բուսական թեյեր, տնական քաղցրավենիք, հուշանվերներ, զարդեր, գործվածք, շարֆեր... Կանայք վաճառքի են հանել իրենց ձեռքի աշխատանքները՝ օգնելու այլ կանանց, ովքեր, իրենց կարծիքով, Ամանորի նախաշեմին իրենց աջակցության կարիքն ունեն:

Screenshot_2.png (877 KB)

«Եվրոպա Դոննա Արմենիա» կազմակերպությունը եւ «Լոֆթ» ակումբը «Լոֆթի» տարեդարձի օրը՝ դեկտեմբերի 17-ին, կազմակերպել էին տոնավաճառ՝ ի նպաստ կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ կանանց համար դրամահավաքի։ Հավաքվել է 1 067 000 դրամ։

«Լոֆթ»-ի տնօրեն Արեւիկ Համբարձումյանի խոսքով, միջոցառման նպատակը ոչ միայն թանկարժեք դեղամիջոցների ձեռքբերման համար միջոցներ հայթայթելն է, այլեւ վտանգավոր հիվանդությունը կանխարգելելու համար պարբերաբար հետազոտվելու անհրաժեշտության մասին իրազեկելը, ինչի համար էլ տոնավաճառին զուգահեռ կազմակերպվել են հայտնի բժիշկների դասախոսություններ:

319083361_561574838689048_212473594643092446_n.jpg (234 KB)

«Չեղարկել մեկ այցելությունը գեղեցկության սրահ եւ այս գումարը ծախսել հետազոտության վրա»,- կանանց խորհուրդ տվեց Արեւիկ Համբարձումյանը։

Ակումբի ղեկավարը լրագրողներին ասաց, որ տոնավաճառում իրենց տեղերի համար վճարել են հաջողակ կոմերցիոն ընկերությունները, իսկ իրենց ձեռքի գործը ներկայացնող կանանց տեղերը անվճար են տրամադրվել, եւ վաճառքից վերցվել է հասույթի միայն 30%-ը։ Իսկ որոշ բարերարներ անանուն նվիրատվություններ են կատարել։

«Եվրոպա Դոննա Արմենիա»-ի ղեկավար Նվարդ Քոչարյանը պարզաբանել է, որ այդ գումարն ուղղվելու է կազմակերպության մի քանի շահառուների համար թանկարժեք իմունոթերապիայի եւ քիմիաթերապիայի դեղեր ձեռք բերելուն։ Միաժամանակ, հիվանդներն իրենք չեն ցանկացել ներկա գտնվել դրամահավաքին, սակայն Նվարդ Քոչարյանը խոստացել է պարբերաբար զեկուցել, թե ինչպես եւ ինչի վրա են ծախսվել այդ միջոցները՝ պահպանելով հիվանդների անանունությունը։

319520946_670503901217348_4027902556122590862_n.jpg (218 KB)

Միջոցառմանը ներկա ՀՀ առողջապահության նախարարության ուռուցքաբանության հարցերով խորհրդատու Հայկուհի Գյոկչյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ կրծքագեղձի քաղցկեղն առաջին տեղն է զբաղեցնում ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում։ Հայաստանում տարեկան հայտնաբերվում է կրծքագեղձի քաղցկեղի 1000-ից 1200 դեպք:

ll.jpg (102 KB)

Եվ եթե 5 տարի առաջ այն հայտնաբերվում էր հիմնականում 3-4-րդ փուլերում, ապա այսօր քաղցկեղի դեպքերի միայն 27%-ն է ախտորոշվում մետաստատիկ փուլում՝ կառավարության ծրագրերի եւ տեղեկատվական արշավների շնորհիվ, որոնք բարձրացրել են կանանց իրազեկվածությունը խնդրի վերաբերյալ, և նրանք սկսել են «իրենք իրենց ավելի շատ սիրել»։

318965094_930587441260688_2828849712624041679_n.jpg (123 KB)

Առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, որ այսօր քաղցկեղի վիրաբուժական եւ ճառագայթային բուժումը ամբողջությամբ իրականացվում է պետպատվերով, իսկ քիմիաթերապիան՝ մասամբ, քանի որ անհրաժեշտ դեղերը թանկ են։ Սակայն աշխատանքներ են տարվում պետպատվերով ծառայությունների ընդլայնման ուղղությամբ, վարվում է հիվանդությունների կանխարգելման քաղաքականություն, որի համար ներդրվել են մի շարք սկրինինգային ծրագրեր՝ կրծքագեղձի քաղցկեղի, արգանդի վզիկի քաղցկեղի, ինչպես նաեւ կոլոռեկտալ քաղցկեղի փորձնական սկրինինգ։

318884909_880977846586606_610745665757369182_n.jpg (297 KB)