ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնն 2022 թվականին ընդունել է 16293 պացիենտ, կատարվել է 7118 վիրահատություն, ճառագայթային թերապիա է ստացել 1585 պացիենտ, 8086 հոգի ստացել է քիմիաթերապիայի կուրս, հետազոտվել է 65 355 անձ: Այս մասին այսօր, դեկտեմբերի 22-ին, կենտրոնի հաշվետու ժողովի ժամանակ հայտնեց տնօրեն Նարեկ Մանուկյանը։
Նա նշեց, որ քրտնաջան աշխատանքի շնորհիվ 2017 թվականի համեմատ հիվանդանոցային ընդհանուր մուտքերը կրկնապատկվել են: Ընթացիկ տարում ՈԻԱԿ-ը պետությանը վճարել է ավելի քան 1 միլիարդ դրամ հարկ՝ բարելավելով իր դիրքերը խոշոր հարկատուների ցանկում:
Ներկայացվեցին կենտրոնում կատարված բացառիկ վիրահատությունները (Լյուիսի վիրահատություն լապարասկոպիկ և թորակոսկոպիկ եղանակով, լյարդի օջախների միկրոալիքային աբլացիա, արթրոսկոպիկ վիրահատություններ, ենթաստամոքսային գեղձի լապարասկոպիկ մասնահատում, հետկրծոսկրային գիգանտ խպիպի հեռացում և այլն): Անդրադարձ եղավ նոր ներմուծված ծառայություններին, ձեռք բերված գերժամանակակից սարք-սարքավորումներին, մատնանշվեցին առաջիկա անելիքները, սպասվող փոփոխությունները:
Տնօրեն Նարեկ Մանուկյանն իր երախտիքը հայտնեց կենտրոնի ողջ անձնակազմին՝ շեշտելով, որ այս մեծ փոփոխություններն ու ձեռքբերումները հնարավոր են միայն ու միայն թիմային աշխատանքի շնորհիվ:
Ժողովին ներկա էին ՀՀ ԱՆ տեղակալ Արմեն Նազարյանը, ՀՀ ԱՆ գլխավոր քարտուղար Վարդուհի Գրիգորյանը, մի շարք ԲԿ-ների ղեկավարներ:
Արմեն Նազարյանը շնորհակալություն հայտնեց Ուռուցքաբանության ազգային կենտրոնին առողջապահական ոլորտում մեծ ներդրման համար:






