Այս ժամանակաշրջանի առանձնահատկությունն այն է, որ ի լրումն գրիպի վիրուսի ակտիվացել են նաեւ մանկական այլ վիրուսները, մասնավորապես RSV տեսակի վիրուսը, որը հենց հոսպիտալացումների զգալի տոկոսն է կազմում։ Այս մասին այսօր՝ հունվարի 4-ին, հրավիրված ասուլիսին ասաց Առողջապահության նախարարության մանկաբուժության գծով խորհրդատու Սերգեյ Սարգսյանը։

Նա նշեց, որ այդ վիրուսը երեխաների մոտ առաջացնում է թթվածնային քաղց։

«Այս պատկերը բնորոշ է ոչ միայն Հայաստանին, այլ նաեւ ամբողջ աշխարհին։ Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ մենք ունեցել ենք COVID-19 եւ սահմանափակումներ, եւ երեխաների հիվանդության համաճարակաբանական շղթան խախտվել է»,- ասաց Սարգսյանը։

Սերգեյ Սարգսյանի խոսքով՝ ականջաբորբերի դեպքերի աճ կա, որն էլ որոշ դեպքերում փոփոխում է կլինիկական պատկերը. «Դա երկարարացնում է հիվանդությունը, բարդացնում է, զգալի դեպքերում ստիպում է հակաբիոտիկ նշանակել»։

Առողջապահության նախարարության ինֆեկցիոն հիվանդությունների գծով խորհրդատու Նարինե Սարգսյանցը հավելեց, որ գրիպը ուղեկցվում է մի քանի վիրուսների համակցությամբ.

«Մենք տարանջատում ենք գրիպի վիրուսը։ Հիվանդությունն ունի ավելի ծանր ընթացք եւ ավելի բարձր բարդությունների հակում։ Անգամ միջին ծանրության գրիպն ունի սուր սկիզբ, բնորոշվում է բարձր ջերմությունով, ուժեր գլխացավերով, հոդացավերով, արտահայտված թուլությունով։ Եթե հիվանդությունը չի բարդացել, ապա հիվանդության երրորդ օրվանից պետք է դիտվի դրական դինամիկա»։