Անպտղության հաղթահարման պետական ծրագրի ընդլայնման շնորհիվ մինչև 36 տարեկան առաջնային անպտղությամբ բոլոր զույգերը կարող են դառնալ ծրագրի շահառու։ Այս մասին այսօր, հունվարի 9–ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը։
Նրա խոսքով, ծրագրի շահառու կարող են լինել հետեևայլ խմբերին պատկանող մարդիկ.
- Մինչև 36 տարեկան երկու տարի և ավելի անպտղություն ունեցող անզավակ բոլոր կանայք, անկախ նրանց կարգավիճակից և բնակավայրից։ Այս խմբի համար սահմանվել է ամբողջական փաթեթ՝ անպտղության պատճառագիտության որոշում, ներառյալ անհրաժեշտ հետազոտություններ, և բուժում, ներառյալ արհեստական սերմնավորում և արտամարմնային բեղմնավորման մեկ փորձ 100 տոկոս ֆինանսավորմամբ, և 2–րդ փորձը՝ պետության 50 տոկոս մասնակցությամբ։ Եվ եթե քաղաքացին դիմել է մինչև 36 տարեկանը, նա պահպանում է շահառուի կարգավիճակը մինչև 38 տարեկան։
- Առաջին անգամ որպես ծրագրի շահառու ներառվել են նաև երկրորդային անպտղությամբ զույգերը։ Սահմանամերձ բնակավայրերից 20-36 տարեկան կանանց, որոնք ունեն 1 երեխա, հնարավորություն է տրվում ունենալ 2–րդ բալիկը։ Այս պարագայում պարտադիր է ամուսնական կարգավիճակը և առնվազն մեկ տարվա գրանցումը սահմանամերձ շրջաններում։ Տրամադրվող փաթեթը՝ անպտղության պատճառագիտության որոշումը, ներարգանդային սերմնավորումը, և արտամարմնային բեղմնավորման մեկ փորձը։
- Ծրագրից կարող են օգտվել նաև 36-42 տարեկան այն կանայք, որոնք պարտադիր չէ, որ ունենան անպտղություն, այլ պարզապես ցանկանում են երեխա ունենալ։ Այս խմբի համար սահմանվել է միայն սերմնավորման փաթեթը։
Նա նշեց, որ տարիքային շեմը սահմանվել է միջազգային փորձի հիման վրա և ելնելով ծրագրի արդյունավետությունից։ "Տարիքի բարձրացման հետ արդյունավետությունը կտրուկ նվազում է, իսկ մենք շահագրգռված ենք, որպեսզի ծրագրի շրջանակում ավելի շատ բալիկներ ծնվեն, որպեսզի գոնե առաջնային անպտղության հարցը մեր երկրում լուծված լինի, այսինքն, ամեն ընտանիք ունենա առնվազն մեկ բալիկ", – ասաց Նունե Փաշայանը։
Հիշեցնենք, որ հունվարի 5–ի կառավարության որոշմամբ ընդլայնվել է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնության իրավունքից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանակը:
Նոր որոշում. Անպտղության հաղթահարման ծրագրից Հայաստանում այսուհետ կկարողանան օգտվել բոլորը





