Իրադարձությունների՝ վատագույն սցենարով զարգացման դեպքում 2015թ. հունվար ամսվա դրությամբ Էբոլա հեմոռագիկ տենդով վարակվածների թիվը 550 հազարից 1,4 մլն.-ի միջակայքին կարող է հասնել: Այս կանխատեսումը, USA Today-ի հաղորդմամբ, հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնի զեկույցում է նշվում:

Կազմակերպությունը ներկայացնող փորձագետների գնահատմամբ, 2015թ. հունվարի 20-ի դրությամբ վերը բերված թվերը կարող են իրականություն դառնալ: Ընդ որում դրանք միայն Լիբերիային եւ Սիերա-Լեոնեին են վերաբերում: Կանխատեսումների հիմքում այն հիմնավորումն է, թե մահացու վտանգավոր հիվանդությամբ վարակվածների իրական թիվը 2,5 անգամ բարձր է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հրապարակվող տվյալներից, իսկ վարակման դեպքերի թիվը յուրաքանչյուր 20 օրը մեկ կրկնապատկվում է:

Կենտրոնի դիրքորոշմամբ, հիվանդության տարածումը միայն արտակարգ միջոցառումների, մասնավորապես՝ հիվանդության դեմ պայքարի մեթոդների եւ խնդրի նկատմամբ հանրության մոտեցման փոփոխության, ինչպես նաեւ անհրաժեշտ ծավալով ռեսուրսների՝ բուժանձնակազմի եւ սարքավորումների ապահովման միջոցով կարելի է կանխել:

Նախօրեին նաեւ ԱՀԿ-ն ներկայացնող 60 փորձագետների զեկույցն էր հրապարակվել, համաձայն որի, արմատական քայլեր չձեռնարկելու պարագայում, ընթացիկ տարվա նոյեմբեր ամսվա առաջին կեսին հիվանդությամբ վարակվածների թիվը կարող է 20 հազարի նշաձողը հատել: