Հայաստանում 2027 թվականից կսկսի գործել համընդհանուր պարտադիր բժշկական ապահովագրության համակարգը։ Այս մասին փետրվարի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա պարզաբանեց, որ համընդհանուր բժշկական ապահովագրությունը կներդրվի փուլ առ փուլ, այս տարի նախապատրաստական աշխատանք կիրականացվի, իսկ 2024 թվականից պետպատվերի բոլոր շահառուների համար կսկսի գործել միասնական ապահովագրական փաթեթ։
«Այդ ժամանակ էլ կսկսի գործել բժշկական ապահովագրության կամավոր համակարգը քաղաքացիների կողմից ամսական վճարների միջոցով։ Պետությունը կսուբսիդավորի այն մարդկանց վճարները, ում աշխատավարձերը միջինից ցածր են»,- ասաց նախարարը։
Նա հայտնեց, որ 2025 թվականից կապահովագրվեն կենսաթոշակառուները։
Ավանեսյանը վստահեցրեց, որ միջոցառումներ կձեռնարկվեն պոլիկլինիկաներում եւ ամբուլատորիաներում ծառայությունների որակն ու մատչելիությունը բարելավելու ուղղությամբ։
«Առաջիկա տարիներին այս ոլորտը կլինի ամենադինամիկ զարգացողը։ Այս տարի կվերանորոգվի եւ կվերասարքավորվի հինգ պոլիկլինիկա, իսկ գյուղերում կշահագործվի 20 ամբուլատորիա։ Բժշկական ծառայությունների լիցենզավորման պահանջները կխստացվեն։ Ծրագրի ավարտից հետո երկու տարվա ընթացքում հիվանդանոցային օղակն ամբողջությամբ կարդիականացվի եւ կվերասարքավորվի»,- ընդգծեց պաշտոնյան։
Նա հիշեցրեց բուժաշխատողների պարտադիր հավաստագրումը, որով մասնագետները պետք է գիտելիքներ եւ փորձ ձեռք բերեն 5 տարվա ընթացքում։ Բացի այդ, կներդրվի լիցենզավորման ինստիտուտ՝ մասնագետների մասնագիտական հմտությունները վերահսկելու համար։
Ավանեսյանը կարծում է, որ պետք չէ սպասել «ինչ-որ իդեալական համակարգի», քանի որ խնդիր կա, որ մարդը բուժման համար գումար չունի, ինչի պատճառով էլ հիվանդությունն այնքան է ձգձգում, որ այն դառնում է դժվար բուժելի, իսկ բուժումից հրաժարվելու հիմնական պատճառը ֆինանսական անմատչելիությունն է։
Նախարարը վստահեցրեց, որ բժշկական ոլորտը պատրաստ կլինի նման փոփոխությունների։





