Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Թարիք Յաշարեւիչը հերքել է տեղեկությունները SARS-CoV-2 կորոնավիրուսի ծագման տվյալների հավաքումը դադարեցնելու մասին։ Նրա խոսքով՝ ԱՀԿ-ն կողմ է, որ հետաքննությունը շարունակվի, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ Nature ամսագիրը հրապարակել էր տեղեկություն այն մասին, որ ԱՀԿ-ն դադարեցնում է կորոնավիրուսի ծագման հետաքննությունը տվյալների հավաքման հետ կապված խնդիրների պատճառով։ Ինչպես նշել է Յաշարեւիչը, կազմակերպությունն արդեն խնդրել է պարբերականին ուղղում մտցնել հրապարակման մեջ կամ պարզաբանում տալ։
ԱՀԿ-ն դադարեցրել է կորոնավիրուսի ծագման հետաքննությունը
Նա բացատրել է, որ հետաքննությունը շարունակելու համար ԱՀԿ-ին պետք են նոր տվյալներ Չինաստանից։ Առանց դրանց COVID-19-ի հարուցչի աղբյուրները հասկանալու փորձերն անարդյունք կլինեն։
ԱՀԿ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ 2021թ. ստեղծված նոր վտանգավոր պաթոգենների (SAGO) փորձագետների գիտախորհրդատվական խումբն ուսումնասիրում է ցանկացած նոր վկայություն եւ միաժամանակ շարունակում Չինաստանից տվյալներ խնդրել կորոնավիրուսի ծագման վերաբերյալ։






